Ադրբեջանը շարունակում է իր անդադար առաջ գալու քաղաքականությունը, հայկական կողմն ասում է՝ ոչինչ չի կարող անել այս պահին. Աննա Գրիգորյան

«Պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ իրենց մեջ պարունակում են ՀՀ տարածքային առումով նկրտումներ և փաստացի ամրագրված է նաև Շուշիի հռչակագրում, որ ադրբեջանական կողմը ցանկություն ունի Հայաստանի սուվերեն տարածք վերցնել, որը կապում է Նախիջևանը Ադրբեջանին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով ադրբեջանական 5 կետերի մասին, որոնք պետք է կատարի Հայաստանը։

Նա նշեց, որ խնդրահարույց է համարում այն կետը, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին։

«Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ մենք տարիներ առաջ դեռևս ճանաչել ենք, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա Ադրբեջանն առաջին կետով և բոլոր իրենց հնչեցրած հայտարարություններում պնդում և ասում են, որ մենք նորից պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով ՊՆ հաղորդագությանը Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ, Աննա Գրիգորյանը նաև ասաց, որ պաշտոնական հաղորդագրությունները դարձել են ոչ արժանահավատ, ապա շարունակեց.
«ՊՆ ասում է՝ այն դիրքերը, որտեղ այս պահին տեղակայված են ադրբեջանցիները, ոչ թե հենց հիմա են եկել, ավելի շուտ են եկել։ Ասում են՝ եկել են Հայաստանի սուվերեն տարածք, բայց մի խառնվեք, դա եղել է ոչ թե հիմա, այլ որոշ ժամանակ առաջ։ ՊՆ-ը ո՞նց կարող է նման հաղորդագրություն տարածել։

Եթե որոշ ժամանակ առաջ եկել էին, դուք նկատել էինք, ինչո՞ւ չէիք եկել այդ դիրքերը զբաղեցնել ու նրանց հետ շպրտել։ Աբսուրդ է, էլի։ Բացառապես, առնվազն անգործություն է։

Բայց հերթական անգամ ամրագրենք, որ ադրբեջանցիները շարունակում են իրենց անդադար առաջ գալու քաղաքականությունը, և հայկական կողմը, և պաշտպանական գերատեսչությունը, այդ փաստն արձանագրելուց հետո կանգնում ու ասում է՝ ոչինչ չի կարող անել այս պահին»։

Երեկվանից կրկին Արցախում գազամատակարարումը դադարեցնելուն անդրադառնալով, պատգամավորն ասաց․ «Ադրբեջանն ուզում է Արցախն առանց հայերի։ Սա շատ հստակ պետք է գիտակցել ու որպես ելակետ ընդունել ցանկացած բանակցություններում։ Ապրիլին հանդիպելու են Փաշինյանն ու Պուտինը, այնուհետև, որքան հասկանում եմ, Բրյուսելում տեղի են ունենալու բանակցություններ, այսինքն բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում, և, չգիտեմ, որևէ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է ստորագրել, թե ոչ։ Բայց Ադրբեջանի կողմից այսօր վարվող հերթական ճնշման քաղաքականությունը թույլ է տալիս ենթադրելու, որ, հավանաբար, ինչ-որ փաստաթղթի մասին է խոսվում, որը կա սեղանին, որը ստիպում են հայկական կողմին ստորագրել ու նման ճնշումների են գնում»,- ասաց Աննա Գրիգորյանը։