Այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ տուրիստական տոմս է շահել. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Այս էլ որերորդ անգամ ԱԺ լիագումար նիստերի ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանը մեծ խմբով մեկնում է գործուղման, իսկ իրականում տուրիստական շրջագայության և դա բնականաբար պետական բյուջեի հաշվին, ու ես ստիպված եմ լինում իմ հարցերը հղել ոչ հասցեատիրոջը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումն Ինդոնեզիա, ինչքա՞ն է դա նստելու Հայաստանի հպարտ հարկատուների վրա, ի՞նչ արդյունքներ է ստանալու Հայաստանն այդ այցից»,-ասաց նա:

Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկին Մանուկյան, տեղեկացնեմ Ձեզ, որ Ազգային ժողովն ունի տարբեր միջխորհրդարանական հարթակներում պատվիրակություններ: Պատվիրակությունների կազմերը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից, որի անդամ են նաև ձեր խմբակցության ներկայացուցիչները: Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա շրջագայության, Ալեն Սիմոնյանը մեկնել է Ինդոնեզիա որպես միջխորհրդարանական միությունում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար»:

Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ իր հարցերին խուսափողական պատասխան տրվեց. «Ուզում եմ ընդգծել, որ այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ տուրիստական տոմս է շահել: ՔՊ-ի պատգամավորները հերթով մեկնում են շրջագայությունների՝ զրո արդյունք տալով Հայաստանին և լիքը անձնական տպավորություններ ստանալով և կրկին բյուջեի հաշվին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում