Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը. Ռուբինյանը զայրացավ

ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը որպես հիմնական զեկուցող ամբիոնի մոտ հրավիրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին։ Սակայն ամբիոնին մոտեցող չեղավ։

«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»,-հարցրեց Ռուբինյանը, ապա շարունակեց. «Հարգելի գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում, և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապե՛ս կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան»։

Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։

Դավիթ Խաչատրյանը որպես հիմնական զեկուցող ներկայացնելու էր ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկմանև սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ Այն հեղինակել են կառավարությունը, ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը։