Արևմտյան ԶԼՄ–ները թաքցնում են Ուկրաինայի իրականությունը. ամերիկացի լրագրող

Արևմտյան լրատվամիջոցները աչք են փակում Ուկրաինայի իրական պատկերի վրա և հավատում են այն բացասական բաներին, որ ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Real America’s Voice-ի եթերում նման հայտարարություն է արել ռազմական լրագրող, News & Documentary Emmy մրցանակի դափնեկիր Լարա Լոգանը, փոխանցում է armeniasputnik.am-ը։

Նա ասել է, որ այսօր ապատեղեկատվության այնպիսի աննախադեպ քանակ կա, որպիսին իր ռազմական լրագրության 35–ամյա փորձի ընթացքում երբևէ չի հանդիպել։ Ամերիկացի լրագրողը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները ստում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Մեզ գցում են մի արկղի մեջ, որտեղ մենք պետք է ատենք Վլադիմիր Պուտինին, հավատանք այն ամենին, ինչ ասվում է նրա մասին և սիրենք Ուկրաինան: Եվ չկա որևէ այլ միջանկյալ բան», – ասել է Լոգանը:

Լրագրողի խոսքով` ԿՀՎ-ն ոչ միայն հովանավորել է Ուկրաինայում 2013-2014 թվականների «գունավոր հեղափոխությունը», այլև շարունակում է հովանավորել Արևմտյան Ուկրաինայի նացիստական ստորաբաժանումներին։ Նա շեշտել է` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող «Ազովի» գումարտակը նացիստական է, ինչի մասին վկայում են նրանց համազգեստի տարբերանշանները։

«Սրանք նոր նացիստական խմբեր չեն, այլ նրանք, ովքեր մնացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից», – ասել է Լոգանը: