Դրանք արժեքնե՞ր են, որոնք դավանել եք, թե« խավիար» ու նավթադոլարներ․ Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ին

Ավելի շատ դատապարտում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչի այցը բռնազավթված Շուշի և նրա մասնակցությունը ադրբեջանական սադրանքին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Եվ ՄԱԿ-ի չափազանց մարդասեր ու արժեքավոր պաշտոնյաներն այդ սադրանքին գնում են հետևյալ պայմաններում․

ՄԱԿ-ի և ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ, որպեսզի արձանագրի և կանխի պատերազմը, հետպատերազմական տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները։

40 000 տեղահանված՝ որոնցից 5000-ը շուշեցի են, զրկված են իրենց հայրենի տներից և բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը։

Այս օրերին նույն Շուշիում վնասվել էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը միտումնավոր ձգձգում էր վերականգնումը՝ լրացուցիչ տանջանքներ պատճառելով 100 000 մարդու, իսկ ՄԱԿ-ը լռում էր։

Դրանք արժեքնե՞ր են, որոնք դավանել եք, թե« խավիար» ու նավթադոլարներ»,-գրել է նա։