Տարածաշրջանային զարգացումների ընդհանուր միտումները 2022 թվականին

2020 թ. ավարտին և 2021 թ. ողջ ընթացքում Մերձավոր Արևելքում արմատական գործընթացներ են ծավալվել, որոնց հետևանքով աստիճանական վերափոխումներ են գրանցվում հատկապես վերջին տասնամյակի ընթացքում բյուրեղացած տարածաշրջանի առանցքային դերակատարների միջև՝ երկկողմ հարաբերությունների տիրույթում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգային միջավայրի համապատկերում։ Մասնավորապես, հարաբերությունների մինչ այս առավել տարածված հակամարտային մակարդակից աստիճանաբար անցում է կատարվում համագործակցայինի։ Ասել է թե՝ տարածաշրջանում տևական ժամանակ շարունակվող և համեմատաբար նոր ծագած հիմնախնդիրներում արձանագրված տարբեր մասշտաբի և մակարդակի սրացումներից հետո կարծես որոշակի «թայմ-աուտ» է գրանցվում, քանի որ առանցքային դերակատարների միջև խորքային խնդիրները շարունակում են չլուծված մնալ, պարզապես փոխվում է մոտեցումը դրանց սառեցման հարցում, հատկապես տնտեսական լրջագույնս սրված պատճառների և աշխարհաքաղաքական վերափոխումների ազդեցությամբ։ Ըստ այդմ՝ էական փոփոխություններ են արձանագրվել արաբա-իսրայելական, Կատարի, սիրիական, Իրան-Սաուդյան Արաբիա հիմնախնդիրներում, Թուրքիա-ԱՄԷ, Թուրքիա-Եգիպտոս, Թուրքիա-Իսրայել հարաբերություններում։ Կարևոր գործընթացներ են ծավալվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ և այլն։

«Աբրահամյան համաձայնագրերի» գործընթացը

Մերձավորարևելյան տարածաշրջանի համար առանձնակի կարևորություն ունի ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դ. Թրամփի վարչակազմի կառավարման վերջին շրջանում հատկապես նախագահի դստեր ամուսին և ավագ խորհրդական Ջարեդ Քուշների գործուն ջանքերով Իսրայելի և մի շարք կարևոր արաբական երկրների միջև դեռևս 2020 թ. սեպտեմբերից մեկնարկած, այսպես կոչված, «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրման պատմական գործընթացը (մինչ այդ արաբական երկրներից Իսրայելի հետ խաղաղության պայմանագրեր ստորագրել էին միայն Եգիպտոսը 1979 թ. և Հորդանանը 1994 թ.)։ Բովանդակային առումով այն լրիվ տեղավորվում էր ամերիկյան մերձավորարևելյան քաղաքական ուղեգծի տրամաբանության մեջ և կազմում էր դրա առանձին բաղադրատարրերից մեկը՝ միտված ռազմավարական դաշնակցի՝ Իսրայելի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Գործընթացի հետևանքով սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում ստորագրվեցին նախ Իսրայել-ԱՄԷ, Իսրայել-Բահրեյն խաղաղության պայմանագրերը, իսկ ավելի ուշ՝ հոկտեմբերի 23-ին, Թրամփը հայտարարեց Իսրայել-Սուդան, դեկտեմբերի 10-ին՝ Իսրայել-Մարոկկո հարաբերությունների կարգավորման մասին։ Նշված փաստաթղթերի ստորագրումը ոչ միայն նպաստեց դրանց մասնակից դերակատարների միջև երկկողմ հարաբերությունների բարելավմանը, այլև սկզբունքային փոփոխություն մտցրեց տարածաշրջանի ամենաարյունալի և պայթյունավտանգ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման տրամաբանության մեջ։

Մինչև վերոնշյալ գործընթացը պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում արաբական երկրների դիրքորոշումը համապատասխանում էր դեռևս 2002 թ. Արաբական պետությունների լիգայի հեղինակած «Արաբական խաղաղ նախաձեռնության» կոնցեպտին։ Դրա առանցքում բոլոր արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման առաջարկն էր՝ զուգորդված պաղեստինյան հիմնախնդրի վերջնական կարգավորման զուգահեռ գործընթացով՝ հիմք ունենալով մինչև 1967 թ. հունիսի 4-ը եղած սահմանները (Իսրայելի նահանջ մինչև հարևան արաբական երկրների դեմ վեցօրյա պատերազմը եղած սահմանագիծը), Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի հատվածում Պաղեստին պետության ստեղծման պայմանը։ Մինչդեռ «Աբրահամյան համաձայնագրերի» միջոցով վերագործարկվեց Իսրայելի հետ սեպարատ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Դրան մասնակից դարձած արաբական երկրներն իրենց մոտեցումը հիմնավորում էին այն պնդմամբ, թե տասնամյակներ շարունակ Իսրայելի հետ հարաբերությունների հակամարտային բնույթը ոչ միայն չի հանգեցրել հիմնախնդրի հանգուցալուծմանը, այլև հակառակը՝ անգամ ավելի է խորացրել հակամարտ կողմերի միջև թշնամանքը և նվազեցրել կարգավորման հնարավորությունը։ Հետևաբար անհրաժեշտ է փոխել դիրքորոշման սկզբունքը, մասնավորապես՝ փորձել համագործակցային միջավայրում Իսրայելի կախվածության աճի հաշվին հարկադրել նրան գնալ զիջումների։

Հարկ է նշել, որ «Աբրահամյան համաձայնագրերի» գործընթացը միանշանակորեն չընդունվեց բազմաթիվ արաբական և մուսուլմանական երկրների կողմից։ Դրանց քննադատությամբ հանդես եկան Սաուդյան Արաբիան (Ռիադի դիրքորոշումը միանշանակ չէ. եթե թագավոր Սալմանը դեմ է գործընթացին, ապա միապետության փաստացի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը դրա ջատագովներից է), Թուրքիան, Իրանը և այլն։ Նշված գործընթացը դրական միտումներ արձանագրեց 2021 թ. ողջ ընթացքում՝ նպաստելով Իսրայելի և արդեն գործընկեր արաբական երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։ Դրա յուրօրինակ բարձրակետը դարձան 2021 թ. սկզբին դեսպանատների բացումից հետո՝ դեկտեմբերի 12-ին, Իսրայելի վարչապետ Նեֆթալի Բենեթի առաջին «պատմական» այցն Աբու Դաբի, հանդիպումն ԱՄԷ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զաիդ Ալ Նահայանի հետ և մի քանի ուղղություններով ձեռք բերված պայմանավորվածությունները։

Կատարի հիմնախնդրի կարգավորումը

Տարածաշրջանի անվտանգային պատկերի բարելավման ընթացքի վրա դրական ազդեցություն ունեցավ նաև ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի և Քուվեյթի ակտիվ միջնորդությամբ նախաձեռնված կատարյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը։ Դրա շրջանակներում զգալիորեն բարելավվեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած ոչ ֆորմալ դաշինքի (ԱՄԷ, Բահրեյն, Եգիպտոս, Եմեն, Լիբիա և այլն) և Կատարի միջև հարաբերությունները, որոնք սրվել էին 2017 թ. հունիսին՝ այն բանից հետո, երբ նշված արաբական երկրներն ահաբեկչությանն ու անջատողականությանն աջակցելու, արաբական երկրների ներքին գործերին միջամտելու, Իրանի հետ համագործակցելու մեղադրանքներով խզեցին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ, փորձեցին քաղաքական և տնտեսական առումներով շրջափակել Կատարը և հասնել իշխանափոխության։ «Արաբական քառյակը» 13-կետանոց վերջնագիր ներկայացրեց Կատարին՝ սահմանելով դրա կատարման 10-օրյա ժամկետ։ Սակայն Կատարի շրջափակման ծրագիրը ձախողվեց Իրանի, բայց հատկապես Թուրքիայի՝ այդ երկրին ցուցաբերած ռազմաքաղաքական, տնտեսական և լոգիստիկ համակողմանի աջակցության պատճառով։
2021 թ. հունվարի 5-ին՝ Կատարում կայանալիք ֆուտբոլային համաարաբական և համաշխարհային իրադարձություններին ընդառաջ, Սաուդյան Արաբիայի Ալ-Ուլա քաղաքում տեղի ունեցած՝ Պարսից ծոցի արաբական միապետությունների համագործակցության խորհրդի 41-րդ գագաթնաժողովին «միավորվել ընդդեմ Իրանի» քարոզչական բնույթի կարգախոսի ներքո ստորագրվեց Կատարի հետ բոլոր տարաձայնությունների հանգուցալուծման, դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման և ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթ։ Եգիպտոսի անունից փաստաթուղթը ստորագրել է այդ երկրի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին։ Այս կարևորագույն միջոցառմանը ևս մասնակցում էր գործընթացի առանցքային միջնորդ Ջ. Քուշները։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը խթանվեց դեսպանատների փոխադարձ վերաբացմամբ ամբողջ տարվա ընթացքում, ինչպես նաև տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունների և բանակցությունների միջոցով։ Այսպես՝ Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Ալ-Ռիադ է այցելել նաև մայիսին, իսկ սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը Դոհա՝ դեկտեմբերին։

Սիրիական հակամարտությունում արձանագրված տեղաշարժերը

Տարածաշրջանային մրցակցության տեսանկյունից էական փոփոխություններ են արձանագրվում նաև սիրիական հակամարտության համատեքստում։ Մասնավորապես, Սիրիայում իրենց տարածաշրջանային մրցակիցներ Թուրքիային և Իրանին զգալիորեն զիջած արաբական երկրները կարծես փոխում են իրենց ձախողված մարտավարությունը՝ փորձելով վերականգնել Սիրիայում իշխող վարչակազմի հետ անցած 10 տարվա ընթացքում առնվազն սառեցված հարաբերությունները։ Հարկ է նշել, որ արաբական երկրներից այս գործընթացը ևս առաջնորդում է տարածաշրջանային տարբեր նախաձեռնություններում ներկայումս առաջին ջութակի դերակատարում ստանձնած ԱՄԷ-ն։ Տարբեր ոլորտներում (մարդասիրական, տնտեսական, շինարարական, քաղաքական և այլն) աջակցության առաջարկներով փորձեր են նախաձեռնվում՝ վերականգնելու հարաբերությունները հակամարտության շրջանակներում գոնե առայժմ անհամեմատ բարենպաստ դիրքեր ունեցող Բաշար ալ-Ասադի վարչակազմի հետ։ Այս գործընթացում բավականաչափ կարևոր քայլ էր նոյեմբերի սկզբներին ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զաիդ Ալ Նահայանի այցը Դամասկոս և Ալ-Ասադի հետ վարած բարձր մակարդակի բանակցությունները, որոնց հրապարակային մասում Ալ Նահայանն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում պատերազմի դադարեցմանն ուղղված բոլոր ջանքերին, կայունության հաստատմանը և սիրիացի ժողովրդի ակնկալիքների բավարարմանը։ Հարկ է նշել, որ 2012 թ. փետրվարին Դամասկոսի հետ հարաբերությունների խզումից հետո միայն 2018 թ. դեկտեմբերին է ԱՄԷ-ն վերաբացել Սիրիայում իր դեսպանատունը և 2021 թ. մարտին հանդես է եկել ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցության վերականգնման օգտին։ Զուգահեռաբար նույն դիրքորոշումն էին արտահայտել նաև Հորդանանը, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան։

Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման փորձը

Ակտիվ փորձեր են կատարվում տարածաշրջանային մեկ այլ կարևոր հիմնախնդրի՝ Իրանի միջուկային ծրագրի վերագործարկման ուղղությամբ։ 2021 թ. ապրիլից Վիեննայում մեկնարկել էին մի կողմից «4+1» (ՄԱԿ-ի ԱԽ անդամները՝ բացի ԱՄՆ-ից, և Գերմանիան)-Իրան, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները։ Բանակցությունների առաջին 6 շրջափուլի ընթացքում որևէ էական արդյունքի բացակայության պատճառով դրանք ընդհատվել էին 2021 թ. հունիսին՝ Իրանում նախագահական ընտրությունների պատճառով և վերսկսվել նույն թվականի նոյեմբերի վերջին։ Բավականաչափ ծանր և խրթին գործընթացը բանակցությունների 7-րդ և 8-րդ փուլերի ընթացքում կարծես որոշակի հաջողություն է արձանագրել քննարկվող տեքստում սկզբունքների փոխհամաձայնեցման առումով։

Բանակցություններին զուգահեռ՝ դրանց դեմ քաղաքական, քարոզչական բավականաչափ լայնամասշտաբ արշավ է իրականացվում Իսրայելի կողմից։ Թել Ավիվը պարբերաբար հայտարարում է, որ «վատ համաձայնագրի» ստորագրման պարագայում Իսրայելն իրեն իրավունք է վերապահելու ինքնուրույն գործելու և Իրանի միջուկային ծրագիրը ռազմական եղանակով լուծելու հարցում։

Հարկ է հիշեցնել, որ Իրանի միջուկային համաձայնագրի գործողությունը զգալիորեն սահմանափակվել էր Դոնալդ Թրամփի վարչակարգի՝ 2018 թ. փաստաթղթի դրույթներից միակողմանի հրաժարումից և Իրանի դեմ տնտեսական և քաղաքական համակողմանի պատժամիջոցների սահմանումից հետո։ ԱՄՆ-Իրան հարաբերությունները հավելյալ սրվել էին նաև 2020 թ. հունվարին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից՝ անմիջապես նախագահ Թրամփի հրամանով, Բաղդադում ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան ժողովրդական աշխարհազորի՝ շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ հաջողված մահափորձից հետո։ Թեհրան-Վաշինգտոն լարվածությունը պարբերաբար դրսևորվում է ոչ միայն Իրաքի, Սիրիայի և Լիբանանի տարածքներում, այլև Պարսից ծոցի ջրերում՝ պարբերաբար նկատվող «տանկերային հակամարտության» շրջանակներում։

Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը

Տարածաշրջանի անվտանգային միջավայրի բարելավման գործընթացում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի 2016 թ. հունվարից ծայրաստիճան սրված Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի պայմանական մեկնարկը համընկավ ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու քաղաքական ուղեգծի գործարկման ժամանակահատվածին։ Անցյալ տասնամյակի ընթացքում հատկապես Եմենի տարածքում ռազմական, իսկ Լիբանանում, Սիրիայում ու Իրաքում քաղաքական և տնտեսական հարթություններում մրցակցող այս դերակատարների միջև հարաբերությունների՝ 2021 թ. ապրիլից Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի անմիջական միջնորդությամբ կարգավորմանը միտված բանակցություններն արդեն 4 փուլ են անցել։ Բաղդադից բացի՝ շփման համար կողմերն օգտագործել են նաև ՄԱԿ-ի ԳԱ հարթակը։ Սակայն հարկ է նշել, որ կողմերի շփումներն առայժմ բավականաչափ ցածր մակարդակում են և շոշափելի արդյունք չեն արձանագրել․ ցայժմ կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել անգամ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ։ Առայժմ ձեռք բերված միակ առարկայական պայմանավորվածությունը 2016 թ.-ից ի վեր Ջիդդա իրանցի 3 դիվանագետների մուտքի արտոնումն է՝ ԻՀԿ ներկայացուցչությունում աշխատելու նպատակով։ Բայց և այնպես, Թեհրան-Ռիադ գործընթացն արդեն բավականաչափ կարևոր հանգամանք է միաժամանակ տարածաշրջանային մի քանի հակամարտություններում լարվածության թուլացման տեսանկյունից։

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերանայումը

Դեռևս 2020 թ. տարեվերջից տարածաշրջանային մրցակիցների և հակառակորդների հետ երկար ժամանակ շարունակվող լարվածությունը թուլացնելու ակտիվ փորձեր են նախաձեռնվել Թուրքիայի կողմից։ Մի կողմից՝ տևական հակամարտություններում Անկարայի հյուծվածությունը, մյուս կողմից՝ տնտեսական լրջագույն խնդիրները, ինչպես նաև ԱՄՆ-ի գործող վարչակազմի հետ խորացած հակասությունները դրդեցին Էրդողանի վարչակարգին ոչ միայն դիմելու հարաբերությունների կարգավորման, այլև փորձելու ֆինանսական միջոցներ ներգրավել հատկապես արաբական մի շարք կարևոր դերակատարներից՝ երկրում խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով։ Այս տեսանկյունից հիշատակման են արժանի հատկապես Թուրքիա-ԱՄԷ, Թուրքիա-Եգիպտոս, Թուրքիա-Սաուդյան Արաբիա, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման փորձերը, որոնք պայմանավորված են հատկապես Անկարայի նախաձեռնողական քաղաքականությամբ։

Վերոնշյալ արաբական երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին «արաբական գարնան» ընթացքում, մասնավորապես՝ Եգիպտոսում և Սիրիայում տեղ գտած զարգացումների համատեքստում, իսկ լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2019-2020 թթ. լիբիական հակամարտության շրջանակներում։ Վերջին դեպքում անգամ արձանագրվեց ծայրաստիճան վտանգավոր պրոքսի հակամարտություն, երբ Թուրքիան ու Կատարն աջակցում էին Տրիպոլիում գործող՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, իսկ ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին՝ երկրի արևելյան շրջանները վերահսկող Լիբիական ազգային բանակին՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ։

Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման գործընթացի բարձրակետ կարելի է համարել շուրջ տասնամյա ընդմիջումից հետո՝ 2021 թ. նոյեմբերին, ԱՄԷ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զաիդ Ալ Նահայանի այցը Անկարա, անցկացված բարձր մակարդակի բանակցությունները և տրանսպորտային նոր նախագծերի ու Թուրքիայում 10 մլրդ դոլարի ներդրման վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը։ Դեկտեմբերի կեսերին տեղի ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի պատասխան այցն ԱՄԷ։ Բացի այդ՝ հայտնի է, որ արդեն ընթացիկ տարվա փետրվարին ծրագրված են Էրդողանի այցերը Միացյալ Էմիրություններ և, որ ոչ պակաս կարևոր է, Սաուդյան Արաբիա։ Ռիադի հետ հարաբերությունները լարվածության գագաթնակետին էին հասել դեռևս 2018 թ. հոկտեմբերին՝ Ստամբուլում սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո, ինչի կազմակերպման մեջ մեղադրվում է սաուդյան թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը։ Նրա հասցեին Էրդողանի հնչեցրած մեղադրանքները ծայրաստիճան սրել էին երկկողմ բարդ հարաբերությունները։ Լարվածության պատճառով Ռիադն անգամ տնտեսական ոչ պաշտոնական բոյկոտ էր հայտարարել Անկարային՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով թուրք գործարարների համար։

Առայժմ բավականաչափ բարդ և դանդաղ է ընթանում Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորումը, ինչի պայմանական մեկնարկ կարելի է համարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և Եգիպտոսի նրա պաշտոնակցի՝ Սամիհ Շուքրիի 2021 թ. ապրիլի հեռախոսազրույցը։ Ընդհանուր առմամբ անցյալ տարվա ընթացքում կայացել է Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկու փուլ՝ դիվանագիտական և հատուկ ծառայությունների ոլորտների ներկայացուցիչների մակարդակով։ Մայիսին երկօրյա այցով Կահիրե է մեկնել Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը, իսկ սեպտեմբերին Թուրքիա է այցելել եգիպտական պատվիրակությունը՝ ԱԳ փոխնախարար Համդի Սանադ Լոզայի գլխավորությամբ։

Հարկ է հիշեցնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին 2013 թ. հուլիսին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, ինչի հետևանքով իշխանությունից հեռացվել և արգելափակվել էր Թուրքիայում իշխող ԱԶԿ գաղափարակից «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը՝ իր առաջնորդ պաշտոնանկ նախագահ Մուհամմադ Մուրսիի գլխավորությամբ։

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման առաջին փորձերն արձանագրվեցին 2021 թ. նոյեմբերին, երբ Թուրքիայի իշխանությունների կողմից Էրդողանի նստավայրը լուսանկարելու համար ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ արձակվեցին։ Որպես միջադեպի կարգավորման արդյունք՝ շուրջ ութնամյա դադարից հետո Թել Ավիվի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել մի կողմից՝ Իսրայելի նախագահի և վարչապետի, մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահի միջև։ Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները գնահատել են հումանիտար խնդիրների կարգավորման և ճգնաժամային պայմաններում արտակարգ կապուղիների գործարկման կարևորությունը։ Բացի այդ՝ երկու երկրների հարաբերությունների նշանակությունը փոխադարձաբար ընդգծվել է նաև տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից։

Հարկ է նշել, որ Թուրքիայի՝ տարբեր ուղղություններում լարվածության թուլացմանը միտված նպատակային քաղաքականությունը չի շրջանցել նաև այսրկովկասյան տարածաշրջանը։ Այս համատեքստում հատկապես կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանումը, ինչն իրականացվում է զուգահեռաբար երկու ուղղություններով՝ երկկողմ հարաբերությունների հարթությունում և «3+3» ձևաչափի շրջանակում։

Դեռևս 2021 թ. երկրորդ կեսից Երևանից և Անկարայից հնչող՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում երկու կողմերից «դրական ուղերձներ» էին առանձնացվել: Իսկ ահա դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու, վերաբացվելու է օդային հաղորդակցությունը: «Առանց նախապայմանների» կարգավորման գործընթացում թուրքական կողմը ներկայացնելու է փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում ԹՀ նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանը՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ Չավուշօղլուի՝ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը հնարավոր է, որ տեղի ունենա 2022 թ. հունվարին՝ Մոսկվայում: Պետք է ընդգծել այն հանգամանքը, որ թուրքական կողմի՝ բոլոր մակարդակների հայտարարություններում շեշտադրվում է, որ Անկարան այս գործընթացի բոլոր փուլերում գործելու է Բաքվի հետ սերտ համագործակցությամբ։

Ինչ վերաբերում է «6-յակ»-ի հարթակին, ապա արդեն 2021 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ դրա առաջին հանդիպումը, որին հրաժարվեց մասնակցել Վրաստանը։ Պետք է հիշեցնել, որ Այսրկովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և տարածաշրջանին հարևան տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությամբ այս ձևաչափի նախաձեռնման գաղափարը առաջադրել է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցած ձեռքբերումները զարգացնելու և հաղթանակի էֆեկտը հնարավորինս կապիտալիզացնելու նպատակով։
Ռուսաստանը «3+3» ձևաչափը գնահատում է որպես խորհրդատվական հարթակ, Վրաստանն առայժմ հրաժարվում է մասնակցել դրա աշխատանքներին՝ Մոսկվայի անդամակցության պատճառով, իսկ Թեհրանը հարթակը դիտարկում է որպես տարածաշրջանում իր կորցրած դիրքերը վերականգնելու հնարավորություն։

Փաստացի, առաջ մղելով այս ձևաչափը, Անկարան և Բաքուն նպատակ են հետապնդում տնտեսական, ապա նաև քաղաքական հիմքով նոր հարթակի ձևավորմամբ ստեղծելու այլընտրանք մինչ այդ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առանցքային դերակատարություն ունեցած ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և «Նոյեմբերի 9»-ի ձևաչափերին, որոնցում ուղղակիորեն բացակայում էր Թուրքիան։

Վերոնշյալից բացի՝ ձևաչափը թուրքական կողմից դիտարկվում է նաև Հայաստանի հետ առայժմ չկարգավորված՝ թուրք-ադրբեջանական տեսանկյունից ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացը սեփական շահերին համապատասխան՝ միջանցքային տրամաբանությամբ կարգավորելու նպատակով։

Ամփոփելով նշենք, որ, չնայած մեր տարածաշրջանում առայժմ գերիշխող դրական և պրագմատիկ մթնոլորտին, ընդհանուր մարտահրավերներին միահամուռ կերպով դիմագրավելու նախատրամադրվածությանը, այնուամենայնիվ, որևէ կերպ հնարավոր չէ բացառել լարվածության նոր դրսևորումները հիմնական առանցքային դերակատարների միջև ինչպես տարածաշրջանային չկարգավորված հակամարտությունների, այնպես էլ նոր՝ անակնկալ զարգացումների դեպքում՝ ճիշտ ղազախստանյան զարգացումների օրինակով, որոնց շրջանակներում հավելյալ լարվածություն առաջացավ Անկարա-Մոսկվա հարաբերություններում։ Եվ չի բացառվում, որ նման դեպքերը որոշակի ազդեցություն ունենան նաև մերձավորարևելյան և այլ տարածաշրջաններում ձևավորվող դրական մթնոլորտի վրա, քանի որ ներկայումս ակտիվ մի քանի հիմնախնդիրներում իրենց շահերն ունեցող առանցքային դերակատարները տարբեր ձևաչափերով ներգրավված են նաև նշված տարածաշրջանի հակամարտություններում։

Արմեն Պետրոսյան
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ

«Դրօշակ» թիվ 1 (1662), դեկտեմբեր 2022 թ.

Տարածաշրջանային զարգացումների ընդհանուր միտումները 2022 թվականին