ՌԴ ՊՆ-ը Ուկրաինայում «Կինժալ» հիպերձայնային համակարգ է կիրառել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում օպերացիայի ընթացքում առաջին անգամ «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգ է կիրառվել, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ը։

«Մարտի 18-ին «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգը հիպերձայնային աերոբալիստական ​​հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական զորքերի հրթիռների և ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստը Իվանո-Ֆրանկովսկի մարզի Դելյատին գյուղում»,- շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Մարտի 19-ի գիշերը ռուսական օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 69 ռազմական օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։

«Հատուկ ռազմական օպերացիայի սկզբից ոչնչացվել է ուկրաինական ընդհանուր 196 անօդաչու թռչող սարք, 1438 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 145 ռեակտիվ սարք, 556 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1237 միավոր հատուկ ռազմական տեխնիկա»,- հայտնել է Կոնաշենկովը։

«Կինժալը» բարձր ճշգրտության հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռով ավիացիոն համալիր է։ Ստեղծվել է արդիականացված «ՄիԳ-31-ՄիԳ-31Կ» հեռահար կործանիչի հիման վրա։ Ռուս զինվորականների խոսքով՝ այն կարող է խոցել թիրախներն ավելի քան 2000 կմ հեռավորության վրա՝ երաշխավորված հաղթահարելով գոյություն ունեցող և մշակվող բոլոր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Կոնաշենկովը հայտնել է, որ ռուս զինվորականները կիրառել են «Բաստիոն» առափնյա հականավային հրթիռային համակարգը՝ Օդեսայի մերձակայքում ուկրաինական ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնների ոչնչացման համար։

«Բաստիոն» համալիրները տեղակայված են Ռուսաստանի ՌԾՆ բոլոր նավատորմներում։ «Բաստիոն»  համալիրի «Օնիքս» թևավոր հրթիռի թռիչքի հեռահարությունը մինչև 500 կմ է։ «Բաստիոնը» նախատեսված է ծովային թիրախների ոչնչացման համար։ Ռուս զինվորականներն առաջին անգամ այն կիրառել են ցամաքային թիրախների դեմ Սիրիայում 2016թ.:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։