Սի Ցզինպինը խոսել է Բայդենի հետ ու պարզաբանել Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ուկրաինայի հակամարտությունն ու դիմակայությունը ոչ ոքի ձեռնտու չեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում, որը տևել է 2 ժամ։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամն այն չէ, ինչ Պեկինը կցանկանար տեսնել: «Բախումներն ու դիմակայությունը ոչ մեկին ձեռնտու չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը միջազգային հանրության ամենաարժեքավոր հարստությունն են», – ասել է նա։

Սի Ցզինպինը նաև կոչ է արել Բայդենին ջանքեր գործադրել համաշխարհային խաղաղության և հանգստության պահպանման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը չինացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում խնդրել է նրան ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը դադարեցվի: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ի նախագահը «ճիշտ դիրքորոշում կունենա»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Բայդենը կզգուշացնի Չինաստանի առաջնորդին պատասխանատվության մասին, եթե նա աջակցություն ցուցաբերվի Ռուսաստանին Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում բոլոր երկրներին, «հատկապես այն երկրներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները»: