Արցախում 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից։

Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձություններին։

Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետության սահմանային դարձած բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ 2022թ. մարտի 7-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արցախյան կողմի ուղղությամբ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։

Երկրորդ բաժնում ներկայացվել են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։ Հանրապետության դպրոցների 65 %-ը ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որում կրթություն է ստանում աշակերտների ընդհանուր թվի 60%-ը։ Պատշաճ ջեռուցում ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ դադարեցվել են դասերը բոլոր հանրակրթական դպրոցներում։

Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը կազմում է 22%: 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արվեստի դպրոցների, բժշկական և երաժշտական քոլեջների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների 90%-ը ևս ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որոնք ևս ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը։

Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը ջեռուցվում են գազի կիրառմամբ, որոնցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում մանկական հիվանդանոցում 46 երեխա, իսկ ծննդատանը 51 նորածին և մայրերը։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկատերեր ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանման հետևանքով։ Հատկապես մեծապես տուժել են գազալցակայանները, իսկ նրանց աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տուժել են նաև գազամատակարարման օգտագործմամբ աշխատող ջերմոցներն ու ջերմատները։

Երրորդ բաժնում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո վախի և հուսալքության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և հարկադրելու մարդկանց լքելու իրենց բնակավայրերը։

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։