Խաղաղության ձգտումը օրակարգ չէ, եթե դրա տակ չկա ազգային ճանապարհային քարտեզ․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը՝ Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի մասին։

Ռուս-ուկրաինական պատերազմը կտրուկ փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում, նաև՝ մեր տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Առանց խորանալու համաշխարհային հարթությունում կատարվող իրադարձությունների վերլուծության մեջ՝ պետք է արձանագրել մի քանի ակնհայտ փաստ․

  • Ռուսաստանը՝ մեր դաշնակիցն ու Ղարաբաղում փխրուն ստատուս քվոյի երաշխավորը, խոցելի վիճակում և Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ է հայտնվել։
  • Ադրբեջանի դաշնակիցը՝ Թուրքիան, ռուս-ուկրաինական պատերազմում հանդես գալով միջնորդական դերում, հավասարակշռելով իր քաղաքականությունը ստեղծված իրավիճակում, առավել ուժեղ դիրքերում է, քան մինչև այս պատերազմի սկիզբը։
  • Երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը փորձում է լավագույնս օգտվել այդ իրավիճակից՝ Հայաստանին պարտադրելով իր օրակարգի իրականացումը՝ բանակցային կամ, եթե հնարավոր չէ, ուժային տարբերակով։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։

Պատերազմների պատճառը հաճախ լինում է հակամարտող կողմերի ակնկալիքների հետևողական ձևավորումը և վերջում դրանց ձգձգումը, դրժումը կամ չբավարարումը։ Նման տարրեր կային այս պահին ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի շարժառիթներում։

44-օրյա պատերազմի գլխավոր դրդապատճառներից մեկը պատերազմին նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանի մոտ ձևավորված՝ հայկական կողմի զիջումների ուշացած կամ չիրականացած ակնկալիքներն էին։ Նույնը կարելի է ասել այսօրվա մասին։

Հետպատերազմյան շրջանում հայկական կողմի «խաղաղության» կոչերն ու քայլերը մեծ ակնկալիքներ են առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում, և ձգձգումը կամ դրանցից հրաժարումը անպայմանորեն կհանգեցնի պատերազմի։

Ահավասիկ, Ադրբեջանը հենց այս պահն է ընտրել Հայաստանին կողմնորոշվելու փաստի և ընտրության առաջ դնելու համար։ Բաքուն մի կողմից օղակը սեղմում է Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ խաթարելով բնակիչների առօրյա կենսապայմաններն ու նաև սպառնալով նրանց անվտանգությանը, մյուս կողմից՝ Հայաստանին ներկայացնում է իր հինգ-կետանոց պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային որևէ կառավարություն չի կարող բավարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահանջը։ Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը, որ Հայաստանը վաղուց արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհասկանալի և անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ ժողովրդի համար։ Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Արցախի ճակատագիրը կանխորոշված է:

Հատկանշական է, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ նախապայմաններում, ինչքան ինձ է հասանելի, չի հիշատակվում «միջանցք» բառը։ Զուգահեռաբար, Ադրբեջանն արդեն Իրանի տարածքով սկսել է երկաթգծի և ճանապարհների շինարարություն՝ Նախիջևանի հետ ցամաքային կապը ապահովելու համար։

Ադրբեջանը, հետապնդելով Սյունիքով միջանցք ստանալու խնդիրը, առաջին օրվանից էլ ցանկանում էր դրա համար ամրագրել Լաչինի միջանցքի հայելային կարգավիճակը։ Եթե, սակայն, Ադրբեջանն այսօր ընտրություն ունենա Սյունիքով միջանցք ստանալու և Լաչինի միջանցքն իր տնօրինության տակ վերցնելու միջև, կընտրի վերջինը։

Հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը Ուկրաինայի շուրջ և Ռուսաստանի նկատմամբ խորացող պատժամիջոցները՝ պետք է պատրաստ լինել նման զարգացումների։

Հայկական կողմի խնդիրն այն է, որ չունի հստակ օրակարգ։ Ոչ ոք չգիտի, թե մենք ինչ ենք ուզում, ինչ խնդիրներ ենք դնում սեղանին։ Խաղաղության ձգտումը օրակարգ չէ, եթե դրա տակ չկա հստակ ազգային ճանապարհային քարտեզ։

Բանակցություններում հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի խաղաղության, այլ օրինակարգ համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղություն։

Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության։ Նա ձգտելու է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել։ Ադրբեջանի համար խաղաղությունը կարող է լինել այդ ամենի արդյունքը:

Որքան շուտ հայկական կողմը ձևավորի և հրապարակայնացնի իր օրակարգը, այնքան նվազ կլինի պատերազմի հնարավորությունն ապագայում։ Այդ օրակարգում հայկական կողմն իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ես չեմ ընդունում տարածված այն տեսակետը, որ ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։

Դիվանագիտության մեջ հարցերի ճիշտ, հիմնավոր և ընկալելի ձևակերպումը հիմնական գրավականն է բանակցություններում հաջողության հասնելու համար։ Միայն ծայրահեղ և չհիմնավորված դիրքորոշումները կարող են հարուցել անգամ ամենամոտ դաշնակցի տարակուսանքը, հակառակորդի միանշանակ հակադրումը և միջնորդների պարսավանքը։

Հայկական օրակարգի ձևավորումը, նրա քաղաքական, իրավական և պատմական հիմնավորումներն ու դրանց դիվանագիտական արդյունավետ հետապնդման մեխանիզմների մշակումը և վերջապես դրանց համարձակ առաջադրումը մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն են։