Միրզոյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրենի հետ խոսել է Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման մասին

Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանն ու ինքնության խեղաթյուրմանը:

Միրզոյանը Օդրի Ազուլեի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: Նախարարն ընդգծել է, որ Բաքվի այս գործողությունները բացահայտորեն դեմ են գնում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կայացված որոշմանը։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ստեղծված իրավիճակում ՅՈւՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և հակամարտության գոտում անխոչընդոտ ներգրավվածության հրատապությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։

Ընդգծվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը: