Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները:

ՔՊ-ը, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդ որում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց:

Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց. «Մեծագույն հարգանքով ձեր հանդեպ, Վարդենիսի բնակչության հանդեպ: Ինչու ենք այսպես վարվում, որովհետև գիտենք, որ այսօր մենք արտահայտեցինք նրանց իրական ցանկությունը և տրամադրությունները: Այո, ինչ-որ վստահված էր մեզ, արել ենք, ինչ կարողացել ենք արել ենք, օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները: Տրվել է հնարավորություն, որ փոքր խմբակցությունները միավորվեն, մենք դրա հետ բացարձակ չենք համակերպվում: Մեր ընտրողները դեմ են նման լուծմանը, մենք էլ նրանց հետ դեմ ենք: Ոչինչ մեզնից չի կախված:  Ինչ էլ անեք հետագայում՝ հաջողություն, ուզում ենք հավատալլ, որ ձեր նպատակները բարի են»:

ՔՊ խմբակցության ղեկավար Արամ Մելքոնյանն էլ հավելեց. «Մենք չեն խոսում օրենքի բացից, որի արդյունքում ժողովրդի մեծամասնության քվեն տարած ՔՊ խմբակցությունը դուրս է գալիս այստեղից և մնացածը թողնում է մյուս երկու խմբակցությունների վրա: Մենք պարտավոր ենք մեր ընտրողի առջև»:

Դրանից հետո ՔՊ խմբակցության 13 անդամները լքեցին ավագանու նիստը։