ԵԽ գլխավոր քարտուղարը Ռուսաստանից ծանուցում է ստացել կազմակերպությունից դուրս գալու մասին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռուսաստանից ծանուցում է ստացել կազմակերպությունից դուրս գալու և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չեղարկելու մտադրության մասին, երեքշաբթի ասել է ԵԽ խոսնակ Դանիել Հյոլտգենը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այսօր պաշտոնական ծանուցում է ստացել Ռուսաստանի Դաշնությունից՝ Խարտիայի 7-րդ հոդվածի համաձայն Եվրոպայի խորհրդի կազմից դուրս գալու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չեղյալ հայտարարելու մտադրության մասին»,- գրել է Հոլտգենը իր «Թվիթերում»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրախորհրդից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան ծանուցումը փոխանցվել է կազմակերպության ղեկավարությանը։ Գերատեսչությունում նշել են, որ այս որոշումը չի ազդի ռուսաստանցիների իրավունքների և ազատությունների վրա։ Բացի այդ, կշարունակվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդեն ընդունված վճիռների կատարումը, «եթե դրանք չհակասեն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը»։