ՌԴ Առաջին ալիքի ստուդիա ներխուժած աշխատակցուհին տուգանվել է 30 հազար ռուբլով

Մոսկվայի Օստանկինոյի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել է «Վրեմյա» ծրագրի ստուդիա ներխուժած Առաջին ալիքի աշխատակից Մարիա Օվսյաննիկովային՝ հրապարակային միջոցառման անցկացման կանոնները խախտելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Օվսյաննիկովայի վերաբերյալ նյութը կազմվել է ՌԴ ՔՕ 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց ծանուցման հրապարակային միջոցառման կազմակերպում կամ անցկացում):

Ինքը՝ Օվսյաննիկովան, դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

«Ես չեմ ընդունում մեղքը, դա իմ հակապատերազմական արտահայտումն էր»,-ասել է նա։

Նախօրեին Առաջին ալիքը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ուղիղ եթերում պաստառով աղջկա հայտնվելու միջադեպից հետո ստուգում է իրականացնում:

Եթեր դուրս գալուց առաջ Օվսյաննիկովան տեսաուղերձ էր ձայնագրել, որում դատապարտում էր պատերազմն Ուկրաինայում և հայտարարում, որ ամաչում է իր քարոզչական գործունեության համար։ Միջադեպից մի քանի ժամ անց նրան շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։