«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եմ առաջարկել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եմ առաջարկել, որով ընդլայնվում է անվճար կրթության իրավունք ունեցող նախկին զինծառայողների թիվը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով:

Սակայն զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողները, այդ թվում՝ սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից:

Օրենքում համապատասխան իրավակարգավորման բացակայության պայմաններում առկա է այնպիսի իրավիճակ, որ պայմանագրային զինծառայողը, այդ թվում՝ սպան, որը ներգրավված է մեր երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում, ստանալով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգ, և շատ դեպքերում հաշմանդամության պատճառով շարքից դուրս գալով և արձակվելով զինվորական ծառայությունից, զրկված է պետական բյուջեի հաշվին կրթություն ստանալու հնարավորությունից:

Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույն խնդրի առջև. համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, և արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ և չտեսնելով իրավիճակից դուրս գալու գոնե տեսական հնարավորություն, սկսում է լրջորեն մտածել երկրից հեռանալու մասին:

Հավելենք, որ պետական բյուջեի հաշվին համապատասխան կարգավորման բացակայության և ներկա սոցիալական իրականության պայմաններում պայմանագրային զինծառայողները դժվարանում են առօրյա ծախսերի հետ մեկտեղ իրենց հաշվին ստանալ կրթություն և քաղաքացիական մասնագիտություն:

Պայմանագրային զինծառայողների հետ տևական հանդիպումների ժամանակ խնդրի քննարկման շրջանակներում զինծառայողները հատկապես ընդգծում են լրացուցիչ հնարավորության բացակայության խնդիրը այն առումով, որ հաշմանդամության ձեռքբերման արդյունքում ծառայությունից դուրս գալու պայմաններում զրկված են պետական բյուջեի հաշվին կրթական իրավունքի իրացումից և քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, որն այլ աշխատանք գտնելու տեսանկյունից կարեւոր նշանակություն կունենար:

Կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում:

Այսինքն, այդ պահից սկսած վերջիններս կարող են այլևս չերկարաձգել իրենց պայմանագրերը և հաշվառվել պահեստազորում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն և ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում Օրենքում կատարել համապատասխան փոփոխություն և լրացում՝ պայմանագրային զինծառայողների, այդ թվում նաև սպաների, ինչպես նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար ընձեռելով ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության և ուսումնառության հնարավորություն:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից