ԱՄՆ-ի առաջնորդած ՆԱՏՕ-ի խայտառակությունը եվրոպական երկնքում

Օրերս մի շատ հետաքրքիր իրադարձություն, ավելի ճիշտ, սկանդալ տեղի ունեցավ եվրոպական երկնքում, որը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը խայտառակեց թերևս աննախադեպ կերպով:

Սկզբում ռուսական և եվրոպական լրատվամիջոցներում տարօրինակ տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անհայտ առարկա է ընկել: Ինչպես Խորվաթիայի ՆԳՆ-ին հղում կատարելով, մարտի 11-ին տեղեկացրեց «РИА Новости»-ին, դեպքի պահին պայթյուն է տեղի ունեցել, օբյեկտի անկման վայրում գոյացել է ձագարափոս։ ՆԳՆ մամուլի ծառայությունը նշել է, որ Յարունի շրջանում պայթյունի մասին հաղորդագրությունները սկսել են ստանալ մարտի 10-ին, ժամը 23-ից (Մոսկվայի ժամանակով 1:00-ից) հետո:

«Դեպքի վայր շտապ ջոկատներ են ուղարկվել, որոնք Յարունսկա փողոցում հայտնաբերել են ձագարափոս…»,- նշված է սոցիալական ցանցերում հրապարակված գերատեսչության հայտարարության մեջ:

Միջադեպի հետևանքով վնասվել են կայանված մի քանի մեքենաներ, սակայն մարդկանց շրջանում տուժածներ չեն եղել։ Տարածքը շրջափակվել է, դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության ծառայությունները։

Մի քանի ժամ անց հրապարակվեց հաջորդ տեղեկատվությունը. Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտնել է, որ Զագրեբում վթարի ենթարկվածը եղել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը եկել է Ռումինիայից, անցնելով Հունգարիայի վրայով:

Խորվաթիայի կառավարության ղեկավարն ասել է նաև, որ միջադեպը քննարկել է ՆԳՆ ղեկավարի, պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության հարցերով փոխվարչապետի, Զագրեբի քաղաքապետի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

ԱԹՍ-ն ընկել է Զագրեբի թաղամասերից մեկի կանաչ գոտում, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, այն կարող է լինել Ուկրաինայի զինված ուժերի խորհրդային արտադրության Տու-141 («Ստրիժ») անօդաչու թռչող սարք: Հետագայում այս տեղեկատվությունը հաստատվեց ու պարզվեց նաև, որ ԱԹՍ-ն Խորվաթիայում հայտնվել է մեկնարկելով Ուկրաինայից և անցնելով Ռումինիայի, ապա Հունգարիայի վրայով։

Թեև ըստ Անդրեյ Պլենկովիչի, թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերն ասում են, որ դա իրենց անօդաչու սարքը չէ, սակայն Խորվաթիայի վարչապետը հայտարարել է, որ խորհրդային արտադրության Տու-141 («Ստրիժ») ԱԹՍ-ն այլևս չի ծառայում ռուսական բանակին, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչն էլ, իր հերթին, հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքն արձակվել է Ուկրաինայից: Նշենք, որ ՌԴ-ում վերջին Տու-141-երը շահագործումից հանվել են 2000-ականների սկզբին:

Խորվաթիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքնաթիռը 7 րոպե գտնվել է երկրի օդային տարածքում, շարժվելով ժամում 700 կիլոմետր արագությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ այս հարցով կապի մեջ է ՆԱՏՕ-ի հետ։ ԱԹՍ-ն չխոցելը, նույնիսկ ժամանակին չհայտնաբերելը շփոթահար նախարարը բացատրել է նրանով, որ «հավանաբար սպառնալիք չի եղել»‰ Խորվաթիայի համար։ Սա, անշուշտ, անհեթեթ բացատրություն է, որովհետև ոչ ոք նախապես չէր կարող իմանալ, թե անհայտ մակնիշի ու բավական մեծ ԱԹՍ-ն վտանգ ներկայացնո՞ւմ է, թե ոչ:

Երկրորդ. անօդաչուի անկման վայրում պայթյունի հետևանքով գոյացած խոշոր ձագարափոսը բնավ չի խոսում այն մասին, թե տվյալ ԱԹՍ-ն իրենից վտանգ չի ներկայացրել, դժվար չէ պատկերացնել հետևանքները, եթե այն ընկներ, ասենք, որևէ բնակելի շենքի վրա: Ի վերջո, ինչ է նշանակում «հավանաբար սպառնալիք չի եղել», «հավանաբար»-ով կարող է խոսել պատահական մեկը, բայց ոչ պաշտպանության նախարարը, որը հստակ պետք է իմանա` սպառնալիք եղել է, թե չի եղել:

Մարտի 12-ին Խորվաթիայի վարչապետն արդեն ինքն է հրապարակայնորեն հայտարարել, որ Զագրեբի ծայրամաս ԱԹՍ-ի հասնելու և այնտեղ կործանվելու փաստը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի երկրների վատ արձագանքը Հյուսիսատլանտյան դաշինքի օդային տարածք մուտք գործելու հարցում։

«Ակնհայտ է, որ արձագանքը լավ չէր՝ թե վտանգի մակարդակի գնահատականը, թե ժամանակին և արագ շփումն այլ երկրների հետ»,- ТАСС-ի փոխանցմամբ, Պլենկովիչի խոսքն է մեջբերել «Agence France-Presse»-ը։

Խորվաթիայի վարչապետը  նաև կոչ է արել նման իրավիճակներում ամրապնդել և ակտիվացնել համագործակցությունը դաշինքի ներսում։

«Սա ՆԱՏՕ-ի, Ռումինիայի, Հունգարիայի և Խորվաթիայի օդային տարածքն է, և մենք չենք կարող այլևս հանդուրժել այս իրավիճակը,- ասել է Պլենկովիչը:- Այդպիսին չպետք է կրկնվի: Այն ակնհայտ սպառնալիք էր, որին պետք էր արձագանքել»:

Վարչապետի այս քննադատության նախօրեին` մարտի 11-ին, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը զարմանք էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկնքում մեկ ժամից ավելի հին նմուշի թռչող սարք է թռել, և ոչ ոք դա չի նկատել։ Նախագահի խոսքով` միջադեպը հետաքննվում է։ Նշենք, որ բազմակի օգտագործման Տու-141 մարտավարական հետախուզական ԱԹՍ-ների սերիական արտադրությունն իրականացվել է 1979- 1989 թթ., Խարկովի ավիացիոն գործարանում:

Խորվաթիայի իշխանությունների տվյալների համաձայն, ԱԹՍ-ն Հունգարիայի օդային տարածքում գտնվել է մոտ 40 րոպե, որի ընթացքում Խորվաթիային չեն զգուշացրել մոտեցող օբյեկտի մասին։ Ինչպես արդեն նշեցինք, 7 րոպե էլ Խորվաթիայի օդային տարածքում է գտնվել: Թե Ուկրաինայից թռիչքից հետո այն քանի րոպե է գտնվել Ռումինիայի օդային տարածքում, չի հայտնվում:

Այնուհանդերձ, պարզ է արդեն, որ առանց «Սթելս» տեխնոլոգիայի կիրառման, խորհրդային արտադրության ու բավական մեծ Տու-141 ԱԹՍ-ն (երկարությունը 14,33 մետր էր, թևերի բացվածքը՝ 3,87 մ) մեկ ժամից ավելի գտնվել է ՆԱՏՕ-ի օդային տարածքում և դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից կամ չի հայտնաբերվել, չի ուղեկցվել որպես օտար և անհայտ թռչող օբյեկտ, կամ էլ եթե հայտնաբերվել և ուղեկցվել է, ապա ընդամենը ձևականորեն, ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի, Հունգարիայի և Խորվաթիայի ոչ թե մեկ- երկու, այլ բազմաթիվ զինծառայողների կողմից ծառայողական պարտականությունների նկատմամբ հանցավոր անփութության հետևանքով չեն ձեռնարկվել օտար, անհայտ պատկանելության ու մակնիշի, ոչ քաղաքացիական, այլ ռազմական թռչող օբյեկտի ոչնչացման միջոցառումներ:

Ահա, սա է այսօր աշխարհի «ամենահզոր» «պաշտպանական» դաշինքը, համենայն դեպս, Արևելյան Եվրոպայում:

Ինչո՞ւ է անկման վայրում պայթյունն այնքան հզոր եղել, որ նույնիսկ բավական խոշոր ձագարափոս է առաջացել… Պետք է նկատի ունենալ, որ Տու-141 («Ստրիժ») ԱԹՍ-ն ոչ թե մարտական է, այլ հետախուզական, այսինքն` չի կրում ռումբեր կամ հրթիռներ: Բացի վերոնշյալից, Տու-141-ի թռիչքի առավելագույն հեռավորությունը 1000 կիլոմետրից քիչ պակաս է, իսկ Ուկրաինայից Ռումինիայով և Հունգարիայով Զագրեբ հասնելու համար պետք էր մոտ 800 կիլոմետր թռչել, հետևաբար վառելիքի բաքում չէր կարող այնքան վառելիք լինել, որ այդպիսի հզոր պայթյունի տեղիք տար:

Այս հանգամանքները հաշվի առնելով, նախապես արդեն կարելի էր եզրակացնել, որ Ուկրաինայի ռազմական մասնագետները Տու-141-ը հետախուզականից վերածել են հարվածայինի, մասնավորապես, «կամիկաձե» ԱԹՍ-ի: Եվ, ահա, ինչպես երեկ տեղեկացրեց «Коммерсантъ»-ը, մարտի 11-ին Զագրեբում կործանված Տու-141 ԱԹՍ-ում եղել է 120 կգ կշռող ավիառումբ։ Այն պայթել է հողե ձագարափոսում, որը ձևավորվել է անօդաչու թռչող սարքի ընկնելու ժամանակ: Այս մասին երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրին հղում կատարելով, հայտնել է Խորվաթիայի ազգային HRT հեռուստաընկերությունը:

«Քանի որ անօդաչուն հարվածել է փափուկ հողին, պայթյունը տեղի է ունեցել  գետնի տակ (ձագարափոսում)։ Եթե անկումը տեղի ունենար բետոնի կամ ասֆալտի վրա, հետևանքները կլինեին աղետալի»,- հաղորդել է հեռուստաալիքը (թարգմանությունը` «РИА Новости»-ի):

Ավելի վաղ Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոժիչը հայտարարել էր, որ ԱԹՍ-ի բեկորների վրա հայտնաբերվել են ավիառումբի պայթուցիկ նյութի հետքեր։

Անդրադառնանք նաև այն հարցին, թե Ուկրաինայից թռած Տու-141-ն ինչ գործ ուներ Խորվաթիայում, ինչու է ուղղվել այնտեղ, հասել Զագրեբ ու թռիչքը շարունակելու փոխարեն, մխրճվել գետնի մեջ: Ուկրաինան Խորվաթիայի հետ որևէ վեճ կամ խնդիր չունի, ավելին` երկուսն էլ Արևմուտքի ճամբարում գտնվող պետություններ են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ ԱԹՍ-ն Խորվաթիա չի ուղղվել, ոչ էլ Ռումինիա կամ Հունգարիա:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ այդ դեպքում ԱԹՍ-ն ինչո՞ւ է հայտնվել նշված պետությունների օդային տարածքներում: Իսկ դուք լսել կամ կարդացե՞լ եք Ռուսաստանի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող «Կրասուխա- 2», «Կրասուխա- 4» կամ անհամեմատելիորեն առավել հզոր «Մուրմանսկ-ԲՆ» ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրների մասին, որոնցից վերջինը հակառակորդի ինքնաթիռի, ԱԹՍ-ի (և ոչ միայն…) էլեկտրոնային համակարգը կարող է շարքից հանել նույնիսկ 1000 կիլոմետր հեռավորությունից:

Դատելով ամենից, Ուկրաինայի Տու-141-ն իր օպերատորի հետ կապից ՌԴ ԶՈւ ՌԷՊ-ի միջոցով ամբողջապես և անդառնալիորեն կտրված է եղել, ավելին` ԱԹՍ-ի էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ շարքից հանված է եղել, և այդ իսկ պատճառով արտաքին կամ ներքին կառավարումից ընդհանրապես զուրկ, «կուրացած» ու «խլացած» սսրքը հայտնվելով Ռումինիայի, ապա Հունգարիայի և Խորվաթիայի օդային տարածքներում, Զագրեբի մոտ սուրացել է ներքև ու մխրճվել մայրաքաղաքի ծայրամասում:

Եթե ոչ թե «Կրասուխա»-ն, այլ, իսկապես, «Մուրմանսկ-ԲՆ» է օգտագործվել, ապա ամենևին զարմանալի չէ, որ Ռումինիայից մինչև Խորվաթիա ՆԱՏՕ-ի որևէ ռադար Տու-141-ը չի հայտնաբերել, ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը շշմեցված վիճակում բացարձակապես անզոր է եղել ԱԹՍ-ն հայտնաբերելու և խոցելու հարցում: Հասկանալի է, որ այս դեպքում հակաօդային պաշտպանության օպերատորներին մեղադրելն արդարացի չի լինի:

Ի դեպ, Ուկրաինայի տարածքից արձակված ևս մեկ Տու-141 մարտի 11-ին ընկել է Ղրիմում, Ուկրաինային սահմանամերձ Կրասնոպերեկոպսկ քաղաքի մոտ, որը, սակայն, պայթել է դեռ երկնքում` խոցվելով ՌԴ ԶՈՒ ՀՕՊ համակարգի կողմից կամ կործանիչ ինքնաթիռից արձակված հրթիռից: Որոշ տեղեկությունների համաձայն, Ուկրաինայի վերոնշյալ ԱԹՍ-ներից մեկն էլ խոցվել է մարտի 8-ին Ուկրաինայի Վիննիցայի շրջանի տարածքում մարտերի ժամանակ:

 

Արթուր Հովհաննիսյան