ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 14-ին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։

Ըստ աղբյուրի՝ հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։