Թուրքիան և Հունաստանը հարաբերությունների բարելավման հիմք են դնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Ստամբուլում հանդիպման ժամանակ հիմք է դրվել Աթենքի և Անկարայի միջև երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հետ կիրակի՝ մարտի 13-ին, տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։

Նրա խոսքով՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ մենք այս դժվարին ժամանակաշրջանում բախվում ենք բազմաթիվ ընդհանուր մարտահրավերների: Մենք (Էրդողանի հետ) համաձայնեցինք, որ պետք է կենտրոնանալ մեզ միավորող այս հարցերի վրա, այլ ոչ թե մեզ բաժանող հարցերի»,- ասել է Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Հունաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում շեշտը դրվել է բազմաթիվ հարցերի շուրջ դրական օրակարգի ձևավորման վրա, առաջին հերթին՝ տնտեսության։ «Ես հավատում եմ, որ մենք կարող ենք զգալի առաջընթաց գրանցել առաջիկա ամիսներին։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կարող ենք աշնանը Հունաստանում անցկացնել բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստերը»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա տարաձայնությունների կարգավորումը հնարավոր չէ մեկ գիշերվա ընթացքում։

Միցոտակիսն ասել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը «շատ բաց և անկեղծ է եղել»: