Թույլ չտալ, որ գլոբալիստական թափթփուկներն իրենց տրամադրությամբ ազդեն ժողովրդի վրա. ակցիա՝ հաջակցություն ՌԴ-ի

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Երևանում Ռուսաստանի  Դաշնության դեսպանության դիմաց՝ հայտնելով իրենց աջակցությունը ՌԴ-ին։

Ակցիային ներկա ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով, երկրները, որտեղ իշխանությունը գալիս է ամբոխի միջոցով, քանդվում են։

«Աշխարհում նոր վերաբաժանում է։ Ես սատարում եմ Ռուսաստանի գործողությունները։ Համարում եմ, որ ռուս ազգը, ևս մեկ անգամ հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ոչ թե հարձակվել է Ուկրաինայի վրա, այլ ազատագրում է ուկրաինացի ժողովրդին նման ֆաշիստական ղեկավարներից»,- ասաց Ա. Ախոյանը՝ հայ ժողովրդին հորդորելով լինել զգոն, երբեք թույլ չտալ, որ գլոբալիստական թափթփուկներն իրենց տրամադրությամբ ազդեն ժողովրդի վրա։

«Էսօր ամբողջ աշխարհը հարձակվել է Ռուսաստանի վրա, մենք պետք է սատարենք: Ռուսաստանն այսօր պատերազմում է ամբողջ աշխարհի դեմ: Սա տնտեսական պատերազմ է, քայքայելու պատերազմ է: Երբեք Ռուսաստանի հնարավոր չի եղել հաղթել»,-եզրափակեց Ախոյանը։

Էջմիածնից Երևան եկած Միշա Աղասյանն ասաց, որ իր աջակցություն է հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նա իր խոսքի տեր տղամարդ է։

«Պուտինը դեռ 20 տարի առաջ ասել է՝ ռուս ազգին, որ պետությունում ուզում է ապրի, եթե հանկարծ մեկը նեղացնի, իմ պարտքն է թիկունք կանգնել իմ ժողովրդին։ Ինքը դա արեց Դոնբասում»,- նշեց նա։

Քաղաքացու խոսքով, Հայաստանի, Արցախի փրկությունը ՌԴ հետ բարեկամությունը խորացնելն է, այլապես մահմեդականները կխժռեն հայ ժողովրդին։

«Ո՞ւր էր Եվրոպան  44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ուկրաինան սպիտակ ֆոսֆոր ուղարկեց Ադրբեջան, հայ զինվորներին, քաղաքացիներին վառեցին։
Եվրոպային այսօրվա դրությամբ ձեռք չի տալիս, որ կռիվը դադարի այնտեղ»,- ասաց Մ. Աղասյանը։