Անվտանգություն․ Արցախը գնդակոծվում է, Բաքվի նոր առաջարկները, «Հենակետն» ամփոփում է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին։

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում, հայ-ադրբեջանական, ինչպես նաև արցախա-ադրբեջանական շփման գծերում իրադրությունը բավականին լարված է եղել։

Նախ մի շաբաթ շարունակ, Արցախում, ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարել Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին:

Գնդակոծություններին զուգահեռ, ադրբեջանցիներն իրենց հենակետերից բարձրախոսով շարունակ «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքներ են հնչեցրել։

Իսկ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։

Արցախի անվտանգության խորհրդից հայտնել են, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի կողմից գազատարի պայթեցման մասին։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերականգնողական աշխատանքներին։ Մինչ օրս խնդիրը լուծված չէ։

Վերադառնալով Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրավիճակին, նշենք, որ նախ մարտի 7-ին, ժամը 12:55-ին, N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայող, ևս մեկը ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զուգահեռ, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը ապատեղեկատվություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում իբր ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։

Շաբաթվա ընթացքում համացանցում քննարկվել է Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի խնդիրը, որը պետք է փոխարինի և դառնա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանք։ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հաղորդմամբ, կրկին ճանապարհի տարբեր հատվածներ գտնվում են ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո։

Ըստ Թաթոյանի՝ Կապանի համայնքային մարմիններն առաջարկել են Կապան-Ճակատեն ճանապարհը կառուցել բոլորովին այլ տեղով, որը չի գտնվել ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո, բայց Կառավարությունն անտեսել է այդ բոլոր առաջարկները և գերադասել լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխարեն մարդկանց ճանապարհը կառուցել այնպիսի տեղանքով, որ մարդկանց անվտանգությունն ապահովված չի լինելու:

 Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին հայտնել է, որ փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում գերության մեջ գտնվող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատել է Ադրբեջանը, Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են։

«Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվել հարազատների հետ կապը պահել՝ նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված ուղերձների միջոցով»,- նշել է Ամատունին։ 

Այլ թեմաներ

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երևանին և հիմա սպասում է պատասխանի։ «Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը։

Բայրամովը առաջարկների բովանդակությունը չի գաղտնազերծել, բայց հայտնել է որոշ մանրամասներ։ Ըստ այդմ, խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից։

«Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան»,- ասել է նա, հավելելով, թե «փաստաթուղթը վերջերս է ներկայացվել»։

Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։

Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Միրզոյանի ու Չավուշօղլուի բանակցություններն ընթացել են փակ ռեժիմով: Թուրքիայի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ է անվանել։

ՊՆ

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր ստորաբաժանումներում անցկացվել են գործնական, մասնագիտական պարապմունքներ, տեղի ունեցել ուսումնական վարժանքներ, հավաք-խորհրդակցություններ և այլն։