«Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «ամենաանշառ խնդիր»

Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ-բարենպաստ իրավիճակից, փորձում են լուծել իրենց համար օրակարգային «ամենաանշառ» խնդիրը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Միաժամանակ գործադրվում են ընդհանուր զինանոցում եղած բոլոր հնարավոր գործիքները.

  1. Ռազմական հարթությունում սրում են իրավիճակը և անընդհատ լարվածություն ապահովում Հայաստանի սահմանին, Արցախում՝ վերջինում ստեղծելով նաև կենցաղային ու մարդասիրական բնույթի խնդիրներ։
  2. Զուգահեռաբար դիվանագիտական հարթությունում բազմաքայլ կոմբինացիաներ են խաղարկում՝ ինչպես երկկողմ (օր.՝ հաշտության պայմանագրի թեմայի շրջանառումը)՝ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան, այնպես էլ հնարավոր եռակողմ՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ձևաչափերի առաջմղման միջոցով՝ նպատակ ունենալով «համոզել-պարտադրել» Հայաստանին կապուղիների ապաշրջափակման «միջանցքային» տարբերակը։
  3. Քարոզչական հարթությունում ևս, «Զանգեզուրի միջանցք» ծրագրի լեգիտիմացման նպատակով ձգտում են ուռճացնել դրա տնտեսական և քաղաքական նշանակությունը՝ Հայաստանի հապաղելու պարագայում վերջինի տարածքը կրկին հերթական տարածաշրջանային «մեգածրագրից» դուրս թողնելու սպառնալիքով։

Նման պայմաններում հայկական կողմը պետք է ձգտի համակողմանիորեն գնահատել Անկարայի և Բաքվի գործելաոճի տրամաբանությունն ու նպատակները, սառը, ոչ հապճեպ և կշռադատված քայլերով խոչընդոտի թուրք-ադրբեջանական հերթական հապճեպ և աճպարարական մարտավարության կենսագործումը, ինչպես դա հաջողվեց 2021թ. երկրորդ կեսին։

#անփոփոխ_հարևաններ

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից