Ուժեղ Ռուսատանը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից…

Հայաստանում գործող «սորոսահաճո» քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել, թե որքան Ռուսաստանն ուժեղ է, այնքան Թուրքիայի դերը կարևորվում է։

Հետևաբար, եթե ռուսները թուլանան, Արևմուտքը թույլ չի տա թուրքերի հզորացումը։

Սա ոտքից գլուխ կեղծ թեզ է։

1917-ին Ռուսական կայսրությունը փլուզվեց, բայց Թուրքիան գրավեց ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև հասավ մինչև Ալեքսանդրապոլ և Ղարաքիլիսա, իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին հատկացրեց ընդամենը 10.000  քառակուսի կմ տարածք։

Եվ ինչպես իրավացիորեն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սևանա լճում լողալու տարածք ունեին, բայց  չորանալու՝ ոչ։

Ավելին. 1920-ին ԱՄՆ-ն  փաստացի հրաժարվեց իրեն հատկացված Հայաստանի «մանդատից», որևէ զինվոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու և ընդամենը հետևում էր, թե ինչպես են թուրքերը գրավում Արևելյան Հայաստանը, որի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը։

Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածվում  «թուրքական վիլայեթի»։

Ո՞վ թույլ չտվեց, որ Հայաստանը դառնա «թուրքական վիլայեթ»։

Հաստատ ոչ Արևմուտքը։

Հանրահայտ փաստ է, որ1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարվածել նաև Հայաստանին, նույնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:

Քննարկվում էր նաև Նախիջևանից թուրքական ուժերի հարձակումը  Հայաստանի վրա, բայց դա թույլ չտվեց Ռուսաստանը և անձամբ մարշալ  Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին՝ իր կտրուկ հայտարարությամբ։

Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեզ մեծ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։

Իհարկե եղել են նաև խնդիրներ, բայց թուրքական սպառնալիքի  գլխավոր զսպող  ուժը Ռուսաստանն է։

44 -օրյա պատերազմի ժամանակ ո՞ւր էր Արևմուտքը, ինչո՞ւ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։

Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։

Արևմո՞ւտքը, թե Ռուսաստանը։

Իսկ պատերազմն ավելի շուտ կդադարեր, ավելի քիչ զոհերով ու ավելի լավ պայմաններով, եթե Փաշինյանն ընդուներ 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։

Այսօր ո՞ւմ զորքերն են Արցախի մնացած մասը պահում, որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։

Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին, վտանգ կա՞ր, որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին։

Ուստի պարզ և հստակ է. Ուժեղ Ռուսաստանը բխում է նաև Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից, իսկ Ռուսաստանի թուլացման դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»։

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան էջից