Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ շրջանները և Իրանը կապող կամուրջներ կկառուցվեն

Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրայով անցնող 4 կամուրջ կառուցել, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Թեհրանը և Բաքուն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» (խմբ.` Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի մասը) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր կոմունիկացիոն կապերի ստեղծման հարցի շուրջ:

Փաստաթղթի նպատակն է Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային նոր հաղորդակցության, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրա կառուցել չորս կամուրջ (երկու ավտոմոբիլային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածք:

Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմին:

Հուշագիրը ստորագրվել է Բաքվում Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն կքննարկեն Նախիջևանից իրանական Մեշհեդ մարդատար գնացքի գործարկումը:

 

Աղբյուր՝ Sputnik Արմենիա