Բռնագաղթած արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են բարձրաձայնել հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի խնդիրները

Շուշիից և Հադրութից բռնագաղթած արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բարձրաձայնել Արցախում հումանիտար աղետի մեջ գտնվող արցախցիների խնդիրները, ճանաչել Արցախի անկախությունը և դիմել ռուս խաղաղապահներին՝ թույլ չտալ Բաքվից ահաբեկիչների մուտքը դեպի Արցախ։

Անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքների և կրակոցների դեպքի առթիվ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն կարծիքին, որ զերծ կմնա այդ մասով գնահատականներ տալուց, «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը ասաց. «Կրկնեմ Չերչիլի խոսքերը՝ կոկորդիլոսին կերակրողը հույս ունի, որ կոկորդիլոսը իրեն մի քիչ ուշ կուտի։

Մյուս կողմից, երբ մեկը զենքը ձեռքին մտնում է քո տուն, դու ասում ես՝ ես խաղաղության կողմնակից եմ, դու չես կարող ինձ սպանե՞լ։ Ո՞նց կլինի դա։ Բացի քաղաքական գործիչներից ո՞վ է հավատում այդ քաղաքական գործընթացին։ Բայց հարց է՝ իրենք հավատո՞ւմ են, թե ձև են անում։ Բոլոր ազգերը գիտեն՝ խաղաղություն պահպանելու համար պետք է զինես երկիրդ, մենք բանակը զինաթափում ենք և ասում ենք՝ խաղաղություն ենք ուզում։ Ինչպե՞ս հասկանանք»,-ասաց նա։

Լևոն Հայրիյանը հայտնեց, որ դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն դեռ որևէ արդունքի չեն հասնում. դիմել են ԱԳՆ, ասել են այդ հարցերով Միգրացիոն ծառայությունն է զբաղվում, անտեղից էլ ասել են՝ իրենց զբաղվելու հարցը չէ,  դիմել սոցապնախարարության։

«Մարտի 16-ին կրկին «գրոհելու» ենք արտգործնախարարությունը»,- ասաց նա։