Պետք է հստակ հասկանալ, թե իրականում ինչ նպատակ են հետապնդում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը լարվածություն գեներացնելով

Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը արդեն տևական ժամանակ ակտիվ քայքայում են իրավիճակը Արցախում։

Պարզ է, որ Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցող սրացումները ԱՆՊԱՅՄԱՆ զուգահեռվելու են նաև Հայաստանի սահմանամերձ տարածքներում լարվածության գեներացմամբ։

Նաև ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական  օկուպացիոն ուժերի հակահայկական գործողությունները ուղիղ կապ ունեն ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ, սակայն մեզ պետք է շատ հստակ հասկանալ, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը (Թուրքիան) լարվածություն գեներացնելով։

1․Ադրբեջանը և Թուրքիան ձգտում են ամեն կերպ վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում, քանզի հասկանում են, որ ռուսական կողմը իրականում բավականին սահմանափակված է կոշտ ռազմական պատասխան տալուց, քանզի ստիպված է ամեն կերպ խուսափել իրենց դեմ երկրորդ ճակատի գեներացումից Հարավային Կովկասում։

(Չնայած ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ռուսների համբերությունը անսահման չէ, և եթե այսպես շարունակվի, ապա պետք է սպասել ռուսների կոշտ պատասխանի)։

2․ Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը 44 օրվա պատերազմից հետո  տենց էլ չհասան իրենց վերջնանպատակին, այսինքն՝  Արցախի տոտալ հայաթափմանը և Սյունիքի ուղիղ մասնատմանը։

Եվ Արցախում տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել նաև այս կոնտեքստում։

Պետք է նաև փաստել, որ Արցախում և Հայաստանի սահմանամերձ տարածքներում իրավիճակի սրացմանը առավել քան նպաստում է ՀՀ ներկայիս իշխանությունների թրքահաճո և ադրբեջանամետ կեցվածքը, որը իշխանությունները անվանում են «խաղաղության դարաշրջանի» միտված քայլեր, որոնք իրականում արտահայտվում են հնազանդ և անողնաշար արձագանքների տեսքով Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ վարվող պատերազմի մասով։

Պետք է հասկանալ, որ որքան այս իշխանությունները փորձեն խաբել ժողովրդին, որ հնազանդվելը թուրքի սրի առջև կբերի խաղաղության հաստատմանը, այդքան հայկական կողմերի մարդկային և տարածքային կորուստները կավելանան։

Խաղաղությունը վաստակում են միայն և միայն  Ազգի և Պետության  շահերի համար կատաղի կռվելու պատրաստակամությամբ, այլ ոչ թե ինքնասպան և անիրատեսական թրքամետ երազանքների միջոցով։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից