«Ֆեյսբուքը» և «Ինստագրամը» թույլատրել են բռնության կոչերը ռուսների, նախագահ Պուտինի դեմ

Ամերիկյան Մեթա ընկերությունը ժամանակավորապես թույլատրել է «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, սակայն ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կոչերը կմնան արգելված։ «Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ, Մեթան չի հեռացնի նաև Լեհաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին հնչեցրած մահվան կոչերը։

«Մենք ժամանակավորապես թույլ ենք տվել քաղաքական արտահայտման ձևեր, որոնք սովորական պայմաններում կխախտեին մեր կանոնները, ներառյալ բռնի հռետորաբանությունը, ինչպիսին է «մահ ռուս զավթիչներին»: Մենք թույլ չենք տա բռնության կոչեր ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ»,- նշել է Մեթայի խոսնակ Էնդի Սթոունը: Ընկերության ներկայացուցիչը միևնույն ժամանակ չի պարզաբանել, թե նման քաղաքականության փոփոխություններով ինչպես է տեղի ունենալու խախտումների չափավորումն ու բացահայտումը։