ՄԻԵԴ-ը Բաթոյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2022 թվականի փետրվարի 8-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների և  ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման փաստը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փոխանցմամբ, դիմումատուն 2008 թվականին Արթիկ բժշկական կենտրոնում ենթարկվել է ոտքի վիրահատության՝ մետաղական իմպլանտի տեղադրման եղանակով, ինչն իրականացվել է թերացումներով ու բացթողումներով, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս հաշմանդամության։

Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է դեռևս 2016 թվականին, այն հիմքով, որ պետությունը թերացել է բուժսպասարկման կանոնակարգող պարտավորություններում, և այն հիմքով, որ դիմումատուի խնամքն ու բուժումը հանրային հիվանդանոցում հանգեցրել են առողջական բարդությունների պատճառելով հաշմանդամություն։ Ավելին, դիմումատուն պատշաճ կերպով չի տեղեկացվել բժշկական օգնության ընթացքի և հնարավոր ռիսկերի մասին։ Դիմելով ՄԻԵԴ՝ հարց է բարձրացվել նաև  այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեխանիզմ չի եղել, որը հնարավորություն կտար կրած վնասների համար փոխհատուցում ստանալ։

Ուսումնասիրելով ներկայացված գանգատը, ՄԻԵԴը գտել է, որ առկա է դիմումատուի Կոնվենցիոն իրավունքների խախտման հարց։ Դատարանը արձանագրել է նախ, որ պետությունները պոզիտիվ պարտավորություն ունեն սահմանելու արդյունավետ բուժսպասարկում և կանոնակարգող հիմքեր։ ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով ներկայացված փաստերն ու հանգամանքները, հաստատված է համարել, որ Արթիկ ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է մասնագետի կողմից, ով տվյալ վիրահատության մասնագիտացում չի ունեցել, ավելին, տեղադրված մետաղական իմպլանտը պաշտոնապես չի ձեռք բերվել։

ՄԻԵԴ-ը ընդունել է նաև, որ Դիմումատուի կողմից ներկայացված փաստերը ստացված բժշկական օգնության պատշաճության վերաբերյալ լուրջ հանգամանքներ են։ Նմանապես, խնդրահարույց է վիրահատության արդյունքում կրած խնդիրների համար վնասի փոխհատուցման բացակայությունը։ Դատարանը գտել է, որ ՀՀ օրենսդրության կարգավորումները բավարար էին տեղեկացված համաձայնության համար, սակայն գտել է, որ դիմումատուի կողմից բարձրացված կոնկրետ հարցերը իր տեղեկացված համաձայնության և բժշկի մասնագիտացվածության և տեղադրված իմպլանտների համապատասխանության և պիտալինեության վերաբերյալ հարցերը պատշաճ քննության առարկա չեն դարձել քրեական գործի քննության ընթացքում՝ այն դարձնելով անարդյունավետ:

Միաժամանակ, դատարանն անդրադարձել է բժշկական սխալի համար ՀՀ-ում գործող պաշտպանության այլ միջոցներին՝ նախ փաստելով, որ բարոյական վնասի, բժշկի նկատմամբ կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև Առողջապահության նախարարության կոնսուլտացիաները վիճարկելու հնարավորությունը, որոնց մասին փաստարկել էր Կառավարությունը, անարդյունավետ են և կիրառելի չեն:

Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը հաստատել է, որ այս ամենը հանգեցրել է դիմումատուի անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտման՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մ․ Բոթոյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, ինչպես նաև կազմակերպության նախկին իրավաբաններ Հայկուհի Հարությունյանը և Անի Աղագուլյանը։