Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։

Հիշեցնենք՝ այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությանից հահտնել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդից հայտնել են, որ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։ Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։