Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը Եղիսաբեթ թագուհուն է հանձնել հեռավար կարգով (լուսանկարներ)

Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին:

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի  էջում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հավատարմագրերի հանձնումը տեղի է ունեցել հեռավար կարգով` առանց թագուհու հետ դեմ առ դեմ հանդիպման։

Նորանշանակ դեսպանը պալատ է այցելել տիկնոջ ուղեկցությամբ։

Վարուժան Ներսեսյանն ընդգծել է իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը, որին ներկա են եղել ՄԹ արարողակարգի ղեկավար, մարշալ Ալիսթր Հարիսոնը, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ: