ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայից ժամկետային զինծառայողներին դուրս բերելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստերի բացահայտման մասին։

ՌԴ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր` մարտի 9-ին, պարզաբանել է, որ գրեթե բոլոր ժամկետային զինծառայողներն արդեն տեղափոխվել են ռուսական տարածք։

Գեներալ–մայորը հայտնել է, որ նյութատեխնիկական առաջադրանքներ կատարող ստորաբաժանումներից մեկը հարձակման է ենթարկվել ազգային գումարտակի դիվերսիոն խմբի կողմից։

«Մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերեվարվել են, այժմ համալիր միջոցառումներ են իրականացվում ժամկետային զինծառայողներին մարտական տարածքներ ուղարկելու դեպքերը կանխելու և գերեվարված զինծառայողներին ազատ արձակելու ուղղությամբ,- ասել է նա։

Անդրադառնալով հատուկ գործողության արդյունքներին՝ Կոնաշենկովն ասել է, որ մինչ այժմ ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90%-ը, որտեղ տեղակայված է ռազմական ավիացիայի հիմնական կազմը։

Ըստ Կոնաշենկովի` ռուսական բանակին հաջողվել է մեծապես չեզոքացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը, ինչը, նրա մեկնաբանմամբ, արդեն «կիզակետային բնույթ է կրում» և ուկրաինական օդուժը չի կարող էապես հակազդել ռուսական ավիացիային։

Մասնավորապես ոչնչացվել է Ուկրաինայի 137 զենիթահրթիռային համակարգ, ինչը կազմում է հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ավելի քան 90%-ը։ Հատուկ գործողության ընթացքում ցամաքում և օդում ոչնչացվել է 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։ Առաջին և երկրորդ կարգի ուկրաինացի օդաչուներ գործնականում չեն մնացել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Լեհաստանի օդային տարածքում հերթապահում են ամերիկյան E-3A ինքնաթիռները, որոնք օդային իրավիճակի մասին տեղեկություններ են փոխանցում ուկրաինական կողմին։ Չնայած դրան` ՊՆ-ն արձանագրել է ուկրաինական մարտական ինքնաթիռների թռիչքի ընդամենը մի քանի փորձ։