Ռուսաստանի պատասխան ֆինանսական «ռումբը» Արևմուտքի դեմ

Ինչպես մարտի 7-ին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, Մոսկվան հաստատել է պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի, նրա ընկերությունների և քաղաքացիների դեմ։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Փաստորեն, Ռուսաստանի կառավարությունն անվանել է այն երկրները և ռեժիմները, որոնք այժմ Կրեմլի համար եթե ոչ բացահայտ թշնամական, ապա միանշանակ՝ ոչ բարեկամական են:

Ցանկում ներառված են՝ ԱՄՆ-ը և Կանադան, ԵՄ բոլոր երկրները, Մեծ Բրիտանիան (այդ թվում՝ Ջերսի, Անգուիլա, Բրիտանական Վիրջինյան կղզիները, ինչպես նաև Ջիբրալթարը՝ Անգլիայի գաղութները), Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, ինչպես նաև Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան (ԱՄՆ գաղութ), Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը (համարվում է Չինաստանի տարածք, սակայն 1949 թվականից այն կառավարվում է սեփական վարչակազմի կողմից՝ Կումինթանգի (Գոմինդան) մարշալ Չիանգ Քայ-շեկի իրավահաջորդ կառավարությունը): Բոլոր այս երկրներն ու տարածքները, որոնք կախված են իրենց մայր երկրների (մետրոպոլիաների) իշխանություններից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են մտցրել կամ միացել այդ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ցուցակը հաստատվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2022 թվականի մարտի 5-ի «Օտարերկրյա որոշ պարտատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին» հրամանագրի մաս։

Ինչո՞վ է հետաքրքիր Ռուսաստանի նախագահի մարտի 5-ի հրամանագիրը։ Հայաստանի քաղաքացիներին հիշեցնում ենք, որ այս հրամանագիրը թույլ է տալիս ռուբլով վճարել Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ կատարած պետությունների օտարերկրյա վարկատուներին։ Ռուսաստանի, նրա մարզերի, քաղաքապետարանների և ընկերությունների կողմից պարտատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգը կկիրառվի ամսական 10 միլիոն ռուբլու չափով պարտավորությունների նկատմամբ (կամ այդ գումարի համարժեք արտարժույթով Կենտրոնական բանկի փոխարժեքով): Պարտապանն իրավունք ունի ռուբլով մարել օտարերկրյա պարտատերերի նկատմամբ իր պարտավորությունները, որոնց համար նախատեսված է «C» տիպի հատուկ հաշիվների ստեղծում, ասվում է հրամանագրում։ Հրամանագիրը նաև սահմանափակում է այն երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների կողմից, որոնց գործողությունները ճանաչվում են ոչ բարեկամական, Ռուսաստանում ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելը:

Ի դեպ, Արևմուտքին նախազգուշացրել է նաև Չինաստանը՝ նույնպես մարտի 7-ին։ Չինաստանը տեղյակ է, թե ինչ պետք է հակադրել ԱՄՆ-ին՝ ի պատասխան իրենց կողմից ճնշումների, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: Նախարարի խոսքերով՝ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունը ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման ֆոնին և պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցներն այդ նպատակով։ «Միացյալ Նահանգները փորձում է սեփական դաշինք ստեղծել՝ Չինաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար։ ՉԺՀ-ն անկախ ինքնիշխան պետություն է, մենք բոլոր իրավունքներն ունենք ձեռնարկելու անհրաժեշտ միջոցները մեր օրինական իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով երկրի բարձրագույն խորհրդատվական և օրենսդիր մարմինների երկու նիստերի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում։ Չինաստանի արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը նշել է, որ Պեկինը չի ձգտում մրցակցել Վաշինգտոնի հետ, քանի որ նման ռազմավարությունը համարում է «անցյալի մասունք»։ Միաժամանակ նա մատնանշել է, որ վերջերս ԱՄՆ-ը «միջազգային ասպարեզում անպատասխանատու է գործում»։ «Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է փոխգործակցեն հավասար հիմունքներով՝ հարգելով միմյանց և նպաստեն երկկողմ հարաբերությունների ներդաշնակ և կայուն զարգացմանը», – ամփոփել է Վան Յին: Անշուշտ, պաշտոնական Պեկինի այս արձագանքը կապված է ոչ միայն Թայվանի շուրջ ամերիկյան սադրանքների հետ, այլև այն բանի, որ ԱՄՆ-ը դեռևս չի հրամայել իր խամաճիկներին Ուկրաինայում հանձնվել և հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից ու ագրեսիվ գործողություններից Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ,  նեոբանդերականներին չեն հրամայել պաշտոնապես հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրություններից, հայտարարել հավերժ չեզոքության մասին և այլն։ Եվ որպեսզի ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չկասկածեն Չինաստանի ղեկավարության մտադրությունների ճշմարտացիությանը, շրջանառվել է նաև հետևյալ հաղորդագրությունը․ Չինաստանի իշխանությունները 2022 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնեն 7,1 տոկոսով՝ մինչև 1,451 տրլն յուան ​​(մոտ 229,07 միլիարդ դոլար): Այս մասին ասված է երկրի բյուջեի նախագծում, որը բաշխվել է մարտի 5-ին՝ 13-րդ գումարման Ազգային ժողովրդական կոնգրեսի (ԱԺԿ) 5-րդ նստաշրջանի բացման ժամանակ։

Առայժմ իմաստ չունի որևէ բան մեկնաբանել կամ կանխատեսել. ինչպես ասում են՝ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի ֆինանսական ոլորտում մի կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի, մյուս կողմից՝ Չինաստանի և Արևմուտքի միջև։ Բայց ի գիտություն ՀՀ քաղաքացիների, տեղեկացնենք. Ռուսաստանի որոշ փորձագետ-տնտեսագետներ, խոսելով ՌԴ նախագահի մարտի 5-ի հրամանագրի մասին, պնդում են, որ այս հրամանագիրը «պատասխան միջուկային «ֆուգաս» է» Պուտինի կողմից․ մինուս կես տրիլիոն արևմտյան բանկերի հաշվեկշռից»։

Էությունը պարզեցված ձևով. եթե վարկ ունեք արևմտյան բանկից / ընկերությունից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրից, և ամսական վճարումը կազմում է ավելի քան 10 միլիոն ռուբլուն համարժեք, ապա արժույթը փոխանցելու կարիք չկա: Դուք, լինելով պարտապան, դիմում եք ռուսական բանկ և ինքներդ խնդրում եք պարտատիրոջ անունով բացել թղթակցային ռուբլու հաշիվ․ վերջինիս համաձայնությունն ամենևին էլ պարտադիր չէ։ Ավելին, այս հաշվին ռուբլի եք փոխանցում ընթացիկ փոխարժեքով և համարվում է, որ կատարել եք ձեր պարտավորությունները: Արտարժույթով վճարումների թույլատրում` միայն Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի / Ֆինանսների նախարարության միջոցով՝ անհատական ​​հիմունքներով (և միայն «լավ վարքի համար»…): Պարտքի փոխանցումը ոչինչ չի փոխում` թղթակցային հաշիվ ռուբլով: Արդյունքում արևմտյան բանկերի հաշվեկշռից անհետանում է մոտ 460 միլիարդ դոլար (հանած չինական վարկերը)՝ առաջացնելով փլուզումների կասկադ։ Ռուբլով համարժեքը՝ անհասկանալի է որտեղ, առանց իրենց երկրի օրենքները խախտելու / փոխակերպման (կոնվերտացիա) համաձայնության, արևմտյան բանկերը ոչինչ չեն կարող անել այս ռուբլով: Մենք հետաքրքրությամբ կսպասենք եվրոպական շուկաների բացմանը, սա Ռուսաստանի պատասխան միջուկային ֆինանսական ռումբն է, որը կարող է Արևմուտքին հասցնել շուկաների փլուզման…

Սերգեյ Շաքարյանց