Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են․ Ա․Քոչարյան

«Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են։ Մենք գնում ենք խաղաղության»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով Արցախի սահմանին հակառակորդի վերջին սադրանքներին՝ Քոչարյանը նշեց․ «Արցախում մարտի 7–ի գիշերը և մարտի 8–ին ականանետային կրակոցներ են եղել, որոնց վերաբերյալ տրվել է պաշտոնական հաղորդագրություն, դրանից ավելի որևէ գործողություն չի եղել, վիրավորներ, զոհեր չունենք, իսկ Լիսագորի հատվածում վնասվել է գազատարը»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է և փորձում է Արցախի հատվածում դժվարություններ առաջացնել.

«Քանի որ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանն է, որը մեկ այլ վայրում գտնվում է ռազմական գործողությունների ակտիվ փուլում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշ դժվարություններ է փորձում առաջացնել արցախյան հատվածում։ Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները ՌԴ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Երասխում հակառակորդի կողմից  հրադադարի ռեժիմի խախտմանն անդրադառնալով՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց․

«Նախկինում էլ  կային զոհեր, պետք է ամեն մի դեպքը ուսումնասիրվի, որովհետև դա խախտում է  այն տրամաբանությունը, որ կան հրադադարի պահպանման պայմանավորվածություններ։ Յուրաքանչյուր դեպք պետք է ուսումանսիրվի և մեղավորները պետք է պատժվեն»։