Ադրբեջանի քայլերը նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում և Հարավային Կովկասում. Տիգրան Աբրահամյան

Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահ առաքելության գործառույթներում կամ իրականացվող միջոցառումներում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից կարող էր Ադրբեջանն օբյեկտիվ առումով դժգոհ լինել: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ես նաև տեսնում եմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան և լրատվամիջոցները արշավ են սկսել ռուսական առաքելության հրամանատարի նկատմամբ: Սա ընդհանրապես տեղավորվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով և դրա ուղղակի կամ անուղղակի ազդեցությամբ, որը հատկապես սուր արձագանք է ունենում Արցախում: Այս իրավիճակում պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական ու թուրքական մամուլը, որ ներդաշնակեցված են գործում, ամբողջապես աշխատում է հակառուսական քարոզչության տրամաբանության ներքո: Այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունն Արցախում և Հարավային Կովկասում: Սա նշանակում է, որ որքան Ուկրաինայի շուրջ ճգնաժամը խորանա, այնքան այդ հարձակումները ՌԴ-ի նկատմամբ տարբեր մակարդակներում նկատելի են լինելու»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարություններն ավելի շատ կապված են Երասխի ուղղությամբ տեղի ունեցող իրադարձություններին, որովհետև Հայաստանի տարբեր մարմիններ աշխատում են զերծ մնալ Արցախի վերաբերյալ հայտարարություններ անելուց. «Ես առաջին հերթին նկատի ունեմ ԱԳՆ-ին, կառավարության ղեկավարին: Այս դեպքում այն առաջարկները, որոնք հնչեցվում է Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով, մասնավորապես ուժերի հայելային հետքաշման վերաբերյալ, չեմ կարծում, թե  այս փուլում կարող է որևէ խնդիր լուծել, որովհետև ադրբեջանական գործողությունները լրիվ այլ տրամաբանության ներքո են, և սա նաև ազդակ է Հայաստանին և Արցախին, որ առաջիկայում կարող են լինել տարբեր բնույթի նոր սրացումներ»,-ընդգծեց նա: