ԱՆ-ը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշն ու նկարագիրը սահմանելու մասին նախագիծը, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` առյուծը, սուրը, Հայաստանի Հանրապետության դրոշը և գանձարկղը:

«Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս։ Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։ Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է ՀՀ ծածանվող դրոշը։

«Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Դրոշից վերև գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ» բառերը»,- նշված է նախագծում։