Մոլդովան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի, հայտարարել է վարչապետը

Մոլդովան ցանկանում է մուտք գործել Եվրամիություն, սակայն չի ծրագրում միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, հայտարարել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 3-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է Եվրամիությանը երկրի միանալու դիմումը։

«Չեզոքության սկզբունքը ամրագրված է մեր սահմանադրության մեջ, մենք կձգտենք մտնել ԵՄ, բայց չենք ձգտելու անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Գավրիլիցան Euronews-ին տված հարցազրույցում։

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական ​​գործընկերության ծրագրի շրջանակներում։ Դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործում է Մոլդովայի մայրաքաղաքում։ 2017 թվականի դեկտեմբերին Քիշնևում բացվեց ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը։ Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ բնակչության ավելի քան 60%-ը դեմ է Մոլդովայի՝ դաշինքին միանալուն։