Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա կարևոր իրադարձությունները՝ հակիրճ․ «Հենակետ»

07.03.2022

Բանակցային գործընթաց

  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել այսօր Բելովեժյան պուրակում։ ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններն ավարտվել են։ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Բելովեժյան պուրակը ամերիկյան ուղղաթիռներով։ Կան դրական տեղաշարժեր հումանիտար միջանցքների հարցում։
  • Մեդինսկին Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի մասին հայտարարել է՝ «երկար ժամանակ է քննարկվել հումանիտար միջանցքների խնդիրը, բայց հուսով ենք, որ վաղվանից միջանցքները կաշխատեն։ Մեր սպասելիքները բանակցություններից չարդարացան, բայց բանակցությունները կշարունակվեն»։
  • Սլուցկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները բավական ծանր և հետևողական աշխատանք են լինելու։
  • Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կհանդիպեն Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները, ի դեպ, սա Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր երկու կողմերի առաջին բարձր մակարդակի հանդիպումն է։ 

Ներքաղաքական իրադրություն

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկով, Գոստոմել, Չերնիգով, Մարիուպոլ, Վոլնովախ և Խերսոն քաղաքներին շնորհել է «հերոս քաղաքի» կոչում։
  • Ռուսաստանի զինված ուժերը ժամը 10:00-ից լռության ռեժիմ են հայտարարել Ուկրաինայում և հումանիտար միջանցքներ բացել Կիևից, Մարիուպոլից, Խարկովից և Սումիից:
  • Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը դեմ է արտահայտվել ուկրաինական քաղաքների բնակիչներին Ռուսաստան տարհանելուն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջարկած մարդասիրական միջանցքներն անընդունելի են, և Կիևը հրաժարվում է դրանցից։
  • Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները չեն կարողացել մարդասիրական միջանցքով հեռանալ Մարիուպոլից։ Նրանց ճանապարհը փակել են ուկրաինացի ուժայինները՝ հայտարարելով, որ ականներ կան ճանապարհին։
  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ռուսական ներխուժմանը դիմակայելու հավելյալ լիցքեր հաղորդելու համար ստեղծվել է բիզնեսի և աշխատակիցների համար օգնության հատուկ փաթեթ։
  • Ուկրաինայի կառավարության ընդունած որոշման համաձայն տարածաշրջանային ռազմական վարչակազմերը ոստիկանության և պետական ծառայության հետ համատեղ հնարավորություն է ստանում վերահսկել սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի գները։ 

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ կործանիչներ չի ուղարկի Ուկրաինային և չի տրամադրի իր օդանավակայանները ռազմական կարիքների համար:
  • Ուկրաինայի բնակչությունը դարձել է ԱՄՆ-ի հանցավոր քաղաքականության պատանդը, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին. «Ուկրաինայի բնակիչները դարձել են ԱՄՆ-ի նենգ քաղաքականության զոհը։ Իրանը դեմ է պատերազմին, և որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ բոլորի համար»,- հայտարարել է նա։
  • Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թայվանն ի վերջո «կվերադառնա հայրենիք»։
  • ԵԱՀԿ առաքելությունն ամբողջությամբ դադարեցնում է իր գործունեությունն Ուկրաինայի տարածքում։ Բոլոր աշխատակիցները լքել են երկիրը։
  • Նիկոլաևի քաղաքապետ Վիտալի Կիմը հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները գտնվում են քաղաքի օդանավակայանի տարածքում:
  • Լեհաստանում Ուկրաինայի հետ սահմանին շարունակվում են ԱՄՆ ՌՕՈւ հովանու ներքո անցկացվող խոշոր զորավարժությունները։
  • Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները դեմ է արտահայտվել ռուսական նավթի, ածխի և գազի գնման էմբարգոյի սահմանմանը, քանի որ դրանց այլընտրանք գտնելը գործնականում անհնար է:
  • Հունգարիան արգելել է Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, միայն թույլ է տալիս ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը երկրի տարածքում և զենքի տարանցումը դաշինքի այլ երկրներ, բայց ոչ Ուկրաինա:
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանից Էներգակիրների մատակարարումները դուրս են բերվել պատժամիջոցներից, քանի որ Եվրոպայի էներգոանվտանգությունն ապահովելու այլ միջոցներ այժմ չկան:
  • Լատվիան դիմել է ԱՄՆ-ին՝ երկրի տարածքում ամերիկացի զինվորականների մշտական տեղակայման խնդրանքով։
  • ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտարարել են, որ Ուկրաինա զենք առաքելը կարող է ավելի բարդ լինել առաջիկա օրերին: Պետք է այլ միջոցներ փնտրել, հայտնել է պետքարտուղարի տեղակալը։
  • Եվրամիությունը սկսել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերի քննարկման ընթացակարգը։ Եվրոպական մի շարք երկրներ դեմ են արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը մեծացնում է Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնությունը։

Ռազմական իրադրություն

  • ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ ազգայնականները ականապատել են փորձարարական միջուկային կայանի ռեակտորը, որը գտնվում է Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: ՈւԱԾ-ը և «Ազով» գումարտակի գրոհայինները ծրագրում են պայթեցնել ռեակտորը և մեղադրել ՌԴ ԶՈւ-ին, իբր, հրթիռային հարված հասցնելու մեջ:
  • Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ արդեն երկիր են ժամանել առաջին բրիտանացի վարձկանները, ովքեր պատրաստվում են Կիևի կողմից մասնակցել մարտական գործողություններին։ Նշվում է նաև, որ արդեն ուկրաինական տարբեր վայրերում ռազմական գործողությունների են մասնակցում վարձկաններ Պորտուգալիայից, Բրազիլիայից և Նիդերլանդներից։
  • Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Կիևին զենքի և զինամթերքի մատակարարման հարցում էական առաջընթաց կա և Ռուսաստանին «անակնկալ» է սպասվում:
  • Ուկրաինացի զինվորականները հերթական կամուրջն են պայթեցրել Նիկոլաևսկոյե բնակավայրում Կուլբակինո օդանավակայանի մոտ, որպեսզի թույլ չտան ՌԴ զինված ուժերի տեղաշարժը։
  • Մարիուպոլում ազգայնականները դպրոցի շենքում տեղադրել են ծանր սպառազինություն և դիպուկահարների խումբ դպրոցի տանիքի վրա:
  • Ուկրաինայում ստեղծվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց՝ Պենտագոնի ռազմա-կենսաբանական ծրագրերի շրջանակներում։ Հայտարարել է ՌԴ ԶՈւ ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և հավելել, որ Լվովում լաբորատորիաները աշխատել են ժանտախտի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի և դիզենտերիայ հարուցիչների հետ: ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական ծրագրի շարունակման համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն դուրս է բերվել Ուկրաինայի տարածքից։ ՌԴ ԶՈւ-ն մշտապես վերլուծում է Ուկրաինայի տարածքում կենսաբանական իրավիճակը։
  • Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տեղեկատվության համաձայն՝ ՌԴ ԶՈւ հիմնական ջանքերը կենտրոնացած են Կիևի, Խարկովի, Չերնիգովի, Սումի, Մարիուպոլի, Նիկոլաևի ուղղությունների վրա: Կիևի ուղղությամբ ընթանում է Վիշգորոդի վրա հարձակման նախապատրաստում։ Զապորոժյեի ուղղությամբ ընթանում է հարձակման նպատակով վերախմբավորում, Մելիտոպոլի օդանավակայանում թռիչքուղու վերականգնում:
  • ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Նովոուկրաինսկի, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինովկա, Մայորովա և Ռեմովկա բնակավայրերը: Ազատագրված բնակավայրերի բոլոր խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն է ցուցաբերվում։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ և գրոհային ավիացիան 26 ռազմական օբյեկտ է ոչնչացրել, դրանց թվում են՝ կառավարման 2 կետ, ռադիոլոկացիոն կայան, զինամթերքի 5 պահեստ և սպառազինության ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 11 շրջան։
  • Նիկոլաևի շրջանի ղեկավար Վիտալի Կիմը հաստատել է ՌԴ ԶՈՒ հրթիռային հարվածը Նիկոլաևում Ուկրաինայի ԶՈՒ 79-րդ դեսանտա-գրոհային բրիգադի մշտական տեղակայման կետին, որի արդյունքում զոհվել է 8 զինծառայող, 8-ը՝ անհետ կորել է, 19-ը՝ վիրավորվել։ 

Միջազգային մամուլ

  • CNN-ը հաղորդում է, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս առաջարկել են Ուկրաինայի նախագահ Զելենսկուն տարհանել Լվով կամ երկրից դուրս, սակայն նա հրաժարվել է: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը չի կանգնի Կիևում, այլ կշարունակվի մինչև վերջ:
  • «The Washington Post» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ է վարում տարածաշրջանում Կրեմլի առանցքային դաշնակից Վենեսուելայի կառավարության հետ։ Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առաջարկվում է մեղմացնել պատժամիջոցները վենեսուելական նավթի արտահանման նկատմամբ, մինչդեռ Վաշինգտոնը ձգտում է մեկուսացնել Ռուսաստանին էներգառեսուրսների ոլորտում։
  • «The New York Times» պարբերականը գրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կանաչ սարքավորումներ են տրամադրել Բայդենի հետ կոդավորված կապի իրականացման և Ուկրաինայի նախագահի գտնվելու վայրը թաքցնելու համար:
  • «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ Ուկրաինայում զինված ուժերի համակարգման ներքո գործում է Վրաստանի քաղաքացիներից բաղկացած 25 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խումբ, որը կոչվում է «վրացական ազգային լեգիոն»։ Այդ խմբի անդամները մասնակցել են Աֆղանստանում և Իրաքում մարտական գործողություններին։
  • «The New York Times» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մեկ շաբաթում ավելի քան 17 հազար միավոր հակատանկային սպառազինություն են տրամադրել Կիևին:
  • «Wall Street Journal» պարբերականը գրել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախկին դաշնակիցները հեռանում են՝ կապված տարածաշրջանում Բայդենի ձախողված քաղաքականության հետ։ Նրա տեղը զբաղեցնում են Ռուսաստանն ու Չինաստանը։

«Հենակետ» վերլուծական կենտրոն