Իրավիճակը ուկրաինական ուղղությամբ ստանում է նոր «հետաքրքիր» երանգներ

Իրավիճակը ուկրաինական ուղղությամբ ստանում է նոր «հետաքրքիր» երանգներ։ Տեսեք ի՞նչ է ստացվում։

Ուկրաինացիները կատաղի պահանջում են (ընդ որում գրեթե ամեն օր), որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները «փակեն» օդը ռուսական ռազմական ավիացիայի հարվածներից, ՆԱՏՕ-ն իր հերթին ամեն օր երկու անգամ հայտարարում է, որ չի գնա այդ քայլի, քանզի դա նշանակում է ուղիղ ռազմական բախում Ռուսաստանի հետ (բարև, 3-րդ համաշխարային պատերազմ)։

Ռուսաստանը իր հերթին հայտարարում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բոլոր պետությունները, որոնց տարածքից հանկարծ օդ կբարձրանա «թշնամական» ինքնաթիռ դեպի Ուկրաինա, Ռուսաստանը կդիտարկի որպես այդ պետությունները, որպես օրինական ռազմական թիրախ։

Այս պարագայում ուկրաինական  ղեկավարությունը սկսել է արդեն մեղադրել ՆԱՏՕ-ին, որ վերջինս իրենց (ներողություն) «գցել է»։

Եվ այս պարագայում ամերիկյան կողմը քիչ առաջ հայտարարում է, որ  ամերիկացիները (ՆԱՏՕ-ն)  «կանաչ լույս են» տալիս, եթե ՆԱՏՕ անդամ որևէ  երկիր որոշի ռազմական ինքնաթիռներ տրամադրել ուկրաինացիներին։

Սակայն այստեղ միանգամից առաջ է գալիս երկու հանգամանք։

1․ Ինքնաթիռները պետք է լինեն սովետական կամ ռուսական արտադրության, քանզի արևմտյան արտադրանքի ինքնաթիռների օդաչուներ ուկրաինացիները պարզապես չունեն։ Իսկ ՆԱՏՕ անդամ պետությունները, որոնք ունեն այդպիսի ինքնաթիռներ (օրինակ Բուլղարիան կամ Ռումինիան), արդեն հրաժարվել են մասնակցել այս բոլոլայի մեջ։ Իսկ Լեհաստանը սովետական ինքնաթիռներ տրամադրելու դիմաց պահանջում է ամերիկացիներից նույն քանակի ամերիկյան F 16  կործանիչներ։

2․ Իսկ ինչպե՞ս են այդ ինքնաթիռները ֆիզիկապես հասնելու ուկրաինական տարածք։

Սա շատ կարևոր հանգամանք է, քանզի եթե եվրոպական որևէ օդանավակայանից այդ ինքնաթիռները օդ բարձրանան դեպի ուկրաինական սահման, ապա դա կնշանակի, որ այդ երկիրը ուղիղ ներքաշվում է ռազմական գործողությունների մեջ, ինչը իր հերթին կհանգեցնի լուրջ վտանգների գեներացմանը արդեն եվրոպացիների համար։

Հասկանո՞ւմ են դա ամերիկացիները և եվրոպացիները։

Միանշանակ այո՛։

Եվ հենվելով «realpolitik»-ի դաժան օրենքներին՝ կարծում եմ, որ ամերիկացիները այս հայտարարությամբ պարզապես նուրբ «ցրում են» ուկրաինացիներին։

Այլ կերպ բացատրել այս աշխարհաքաղաքական «խաղերը» չի ստացվի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից