ՀՀ տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին Բաքվում դատապարտել են 19 և 18 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը ևս երկու հայ ռազմագերիների դատապարտել է երկարատև ազատազրկման։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացի Իշխան Սարգսյանը դատապարտվել է 19, իսկ Վլադիմիր Ռաֆայելյանը՝ 18 տարվա ազատազրկման։

Նշվում է, թե նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Բաքուն շինծու գործի շրջանակներում մեղադրում է նրանց «2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիների ականապատման մեջ։

Հիշեցնենք, որ 2021թ․ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող շրջափակվել և գերեվարվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից։ ՀՀ ՊՆ-ը նշել էր, որ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում։