ՌԴ ԱԳՆ. Ուկրաինայի ապառազմականացումը ավարտին ենք հասցնելու նույնիսկ խաղաղության համաձայնագրի դեպքում

Մարտի 3-ին Բելառուսում հերթական բանակցություններն են տեղի ունեցել Ռուսաստանի և նեոբանդերական Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Այս բանակցությունների էությունը մենք կվերլուծենք ավելի ուշ։ Իսկ մինչ այդ, Հայաստանի քաղաքացիներին ներկայացնենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների բովանդակությունը՝ արված մարտի 3-ին ռուս և օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը։

«Ապառազմականացումը մեզ սպառնացող սպառազինության ենթակառուցվածքը ոչնչացնելու իմաստով  ավարտին է հասցվելու, նույնիսկ եթե մենք խաղաղության համաձայնագիր ստորագրենք, այն անպայման պետք է ներառի նման կետ»,- նշել է Լավրովը՝ պատասխանելով բրիտանացի լրագրողների հարցին։ Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի գործողությունն Ուկրաինայում և թույլ չի տա պահպանել ռազմական ենթակառուցվածքը, որը կարող է սպառնալիք դառնալ։ «Մենք պատրաստ ենք խոսել, բայց մենք կշարունակենք մեր գործունեությունը, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ Ուկրաինայում պահպանել ենթակառուցվածքները, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը»,- ընդգծել է նա։ Խոսելով Ուկրաինայում ռազմական գործողության մասին՝ Լավրովը հորդորել է ժամանակից շուտ գնահատականներ չտալ. «Ես վաղաժամ դատողություններ չէի անի։ Գործողություն է իրականացվում, որն ունի հստակ նպատակներ, դրանք նշված են․ Ուկրաինայի ապառազմականացում՝ ցանկացած պահին այնտեղ Ռուսաստանին սպառնացող զենքի գտնվելը կանխելու տեսանկյունից, Ուկրաինայի դենացիֆիկացիա, քանի որ ոչ ոք չի չեղարկել Նյուրնբերգի տրիբունալի վճիռը, և իհարկե՝ ապահովելով Ռուսաստանի անվտանգության երաշխիքները՝ առանց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու»,- հայտարարել է նա։

Լավրովը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ Ուկրաինայում գործողությունը հարկադրված որոշում է, քանի որ Արևմուտքում Մոսկվային տասնամյակներ շարունակ ստել են։ «Մենք 10 հազար կմ-ից այն կողմ  չենք բարձրանում՝ մեր որոշակի կանոններով կարգուկանոնը վերականգնելու համար։ Հասկացեք, խնդրում եմ։ Դա հարկադրված որոշում է, քանի որ, պարզվում է, նրանք պարզապես չեն լսել մեզ և ստել են վերջին 30 տարիների ընթացքում»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Նախարարը նաև հաղորդել է, որ Արևմուտքի նպատակը ոչ թե Ռուսաստանի հետ շահերի հավասարակշռության հիման վրա Ուկրաինայի անվտանգության ապահովումն է, այլ Ռուսաստանի Դաշնությունը «ապամոնտաժելը»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև այն թեմային, որ Արևմուտքն իրականում «դեմ չէ» միջուկային պատերազմին։ Դա խոսում է այն մասին, որ թե՛ Արևմուտքը, թե՛ Մոսկվան հստակ հասկանում են, որ Ուկրաինան Արևմուտքի համար «մանրադրամ» է Ռուսաստանի հետ ռազմավարական լուրջ առճակատման մեջ։ Եվ հաշվի առնելով, որ Արևմտյան Եվրոպայում արդեն բացահայտ «լաց են լինում», թե իբր Արևմուտքն իր գործողություններով ստացավ այն, որ «Պուտինն արագ քայլերով Ռուսաստանը տանում է Չինաստանի գիրկը»։ Նման հայտարարություններ են հնչել Գերմանիայի Բունդեսթագից, նման հայտարարություններ է արել Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ Բայց ո՞վ է մեղավոր, եթե ոչ արևմտյան քաղաքական գործիչներն ու ռուսաֆոբները։ Մեր կարծիքով՝ միայն նրանք և ոչ այլոք։

Այդ պատճառով եկեք ավելի ուշադիր նայենք, թե ինչ է հայտարարել նախարար Լավրովը միջուկային պատերազմի սպառնալիքի մասին: Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորությունը ակտիվորեն քննարկվում է ՆԱՏՕ-ի միանգամից մի քանի երկրներում, մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։ «Մենք այնտեղ որևէ էսկալացիա չունենք՝ հանուն դեէսկալացիայի, ինչպես մեզ փորձում են վերագրել արևմտյան վերլուծաբանները։ Սակայն միջուկային պատերազմի մասին խոսակցություններն այժմ ընթանում են։ Խնդրում եմ շատ ուշադիր նայեք այն հայտարարություններին, որոնք արվել են և այդ հայտարարությունների հեղինակներին»,- ասել է նախարարը։ Նա պարզաբանել է, որ հայտարարություններ է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հնչել են նաև Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Լավրովը հիշեցրել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների միակ այլընտրանքը կարող է լինել Երրորդ համաշխարհային պատերազմը։ «Բոլորը հասկանում են, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել միայն միջուկային: Սակայն ուշադրության եմ հրավիրում այն ​​փաստին, որ արևմտյան քաղաքական գործիչների գլխում է անընդհատ միջուկային պատերազմ պտտվում, ոչ թե ռուսների»,- ասել է նա։

Այս պատասխանատու հայտարարություններից հետո ժամանակն է հիշելու, որ վերջերս ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է. «Ուկրաինայի ապառազմականացման ռազմական գործողությամբ ռուսական բանակը աշխարհը փրկում է Երրորդ համաշխարհային պատերազմից»։ Եզրափակելով՝ մատնանշենք նաև մարտի 3-ին տեղի ունեցած մեկ այլ կարևոր իրադարձություն. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացման համար Պետդումա է ներկայացրել արձանագրություն, որը նախատեսում է փոփոխություններ ՀԱՊԿ խաղաղապահ համաձայնագրում՝ «համակարգող պետության» հայեցակարգի ներդրում, որի հովանու ներքո կստեղծվեն խաղաղապահ ուժեր՝ մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործողություններին: Տեքստը տեղադրված է խորհրդարանի էլեկտրոնային բազայում։ «Արձանագրությունը ներկայացնում է «համակարգող պետության» հայեցակարգը և նախատեսում, որ նրա հովանու ներքո ստեղծվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժեր (ՀԽՈՒ)՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում օգտագործելու համար», – ասվում է բացատրական գրության մեջ։ Փոփոխությունների համաձայն՝ «ՄԱԿ-ի խաղաղապահ գործողության մեջ օգտագործելու համար ՀԽՈՒ-ները ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո»։ «ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությանը ՀԽՈՒ-ի մասնակցության պայմանները որոշվում են համակարգող պետության կողմից ՄԱԿ-ի լիազորված ստորաբաժանման հետ կնքված համաձայնագրով»,- ասվում է փաստաթղթում։ Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Դուշանբեում։ Խորհրդարանի կողմից փաստաթղթի քննարկման ժամանակ պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Սերգեյ Շաքարյանց