Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կարգելվի

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատոների, խաղատների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ որոշ սահմանափակ թվով վայրերի:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ այսօրվա նիստում ընդունվեց 63 կողմ, 24 ձեռնպահ ձայներով:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հիշեցրել էր, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակումները վերադառնում են մինչև 2020 թվականը եղած սահմանափակումներին: Այսինքն` դրանց գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, նրանց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև տվյալ ընկերությունների կայքէջերում:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված լրացման արդյունքում սահմանափակումը տարածվել է նաև թղթային վիճակախաղերի վրա: