«Ոսկե դափնի»-ն «Արարող սերունդ» նախաձեռնությանը տարվա լավագույնի մրցանակ է շնորհել

Համազգային վստահության խորհրդի կողմից անցկացվող Համաժողովրդական վստահություն. «Ոսկե դափնի» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում մարտի 3-ին «Տարվա լավագույն երիտասարդական նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արարող սերունդ» նախաձեռնությունը։

«Արարող սերունդ» նախաձեռնության համահիմնադիր Հասմիկ Ափյանը, շնորհակալություն հայտնելով Համազգային վստահության խորհրդին՝ նախաձեռնության աշխատանքը բարձր գնահատելու համար, նշել է, որ այս մրցանակին արժանանալն իսկապես պարտավորեցնող է և վստահեցրել, որ շարունակելու են անել հնարավորը՝ հայի ինքնության պահպանման, ինչպես նաև Հայաստանի առաջընթացի համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ու ամրապնդման բարդ և պատասխանատու առաքելությանը հավուր պատշաճի մասնակցություն ունենալու պատվաբեր գործում։

Հարկ է նշել, որ «Արարող սերունդ» նախաձեռնությունը մի տանիքի տակ է համախմբել ակտիվ, բանիմաց ու հայրենասեր երիտասարդների, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի և գործունեության հիմքում դրել են Հայաստանի անվտանգ ու խոստումնալի ապագայի կերտման հիմնանպատակը։