Բուհերը կկարողանան բարձրացնել մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման չափը

Հայաստանում անհրաժեշտ է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք ուսման վարձի մասնակի փոխհատուցում են ստանում։ Այս մասին մարտի 4-ին, Ազգային ժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Ըստ նրա՝ օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է առկա հնարավորությունների ավելացում։ Բուհերն այժմ կկարողանան 20 տոկոսով (նախկին 10 տոկոսի փոխարեն) փոխհատուցել ուսման վարձը։ Բայց սա վերաբերում է ուսանողների միայն որոշակի խմբի։ Նշված արտոնությունը գործելու է մինչև 2024թ. հուլիսի 31-ը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել էլի մեծ թվով քաղաքացիների ուսման վարձի մասնակի փոխհատուցում ուսանողական նպաստների ձևով։

«Նոր հնարավորությունից կկարողանան օգտվել այն ուսանողները, որոնք մասնակցել են մարտական գործողություններին։ Խոսքը, մասնավորապես, 2016 թ. ապրիլյան սրացման և 2020 թ. 44-օրյա պատերազմի մասնակիցների մասին է»,- պարզաբանեց Պապոյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը ներկայացրեց կառավարության դրական եզրակացությունը նշված օրինագծի վերաբերյալ։