Թուրքերը գործիք են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ձեռքին

Թուրքերը շարունակում են «երկու աթոռի վրա խաղալ»։ Մի կողմից կարծես թե չեն փակում Սև  ծովի նեղուցները։ Բայց մյուս կողմից, մարտի 1-ին թուրքերը թույլ չտվեցին, որ երեք ռուսական ռազմանավ, որոնք խարիսխված չեն Սև ծովում, մտնեն Սև ծով։ Ի՞նչ է սա: Թշնամական գործողությո՞ւն: Այս մասին պետք է մտածեն Ռուսաստանի ԱԳՆ-ը և ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 28-ի իր ուղերձում ասել է. «Ինչպես միշտ ասում ենք, մենք հանդես ենք գալիս Ուկրաինայի ինքնիշխանության, քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության հարգման օգտին։ Անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի տարածքի վրա. մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի կառավարության և նրա ժողովրդի պայքարը»։

Ի՞նչն է այդքան բարձր «գնահատում» Էրդողանը․ պատասխանը պարզ է. այն փաստը, որ ուկրոնացիստները գնում են սպանելու ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի քաղաքացիներին: Դժվար է հասկանալ, թե ինչ են մտածում Մոսկվայի պատասխանատու պաշտոնյաները նման «ամենակեր» Թուրքիայի մասին։ Այստեղից պարզ է դառնում, թե ինչու թուրքերը մարտի 1-ին ռուսական ռազմանավերը չթողեցին Սև ծով. ՆԱՏՕ-ն «հանձնարարություն է տվել» ամեն կերպ թուլացնել Ռուսաստանի անվտանգությունը, ուստի թուրքերը շարունակում են ուկրաինական հակամարտության «կրակի վրա յուղ լցնել»։

Միաժամանակ Թուրքիան շարունակում է անպատիժ մանևրել։ Նա ինչ-որ բան է մատակարարում ուկրաինական ռեժիմին: Խոսում են նաև այն մասին, որ թուրքերը (էլ ո՞վ, փորձ կա…) նախապատրաստում են ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից և Լիբիայից։ Բայց միևնույն ժամանակ Անկարան կտրականապես մերժում է Ռուսաստանի հետ պատ կառուցելու Արևմուտքի քաղաքականությունը, մասնավորապես՝ չի ցանկանում միանալ «խիստ պատժամիջոցներին»։ Ընդհակառակը, թուրքերը ռուսաստանցի զբոսաշրջիկներին հրավիրում են ամռանը հանգստանալ։ Ոչ մի նոր բան, կարծես թե: Անկարայի դասական քաղաքականությունը «երկու աթոռի» վրա նստելն է։ Բայց զգացողություն կա, որ Թուրքիայում ինչ-որ բան հասկացել են։ Անկարան պատրաստ չէ դիմակայել Ռուսաստանին, ինչպես ցանկանում են անգլո-սաքսոնները։ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինի խոսքով, նա Արևմուտքին հասկացրել է, որ չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ ցանկանում է գործել ըստ իր առաջնահերթությունների: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն մտավոր հետամնաց («փոքր ուղեղով») է անվանել նրանց, ովքեր ուկրաինական իրադարձությունների պատճառով կոչ են անում վերադարձնել Ռուսաստանի կողմից Անկարային մատակարարված С-400 զենիթահրթիռային համակարգերը։

Ռուս փորձագետ-թուրքագետ Վլադիմիր Ավատկովը մարտի 2-ին «Թելեգրամ»-ի իր ալիքում գրել է. «Ես կհամարձակվեի առաջարկել, որ վերջիվերջո Թուրքիան հասկացավ, որ, ինչպես ասաց Էրդողանը, «աշխարհն անցնում է արմատական ​​փոփոխությունների գործընթաց»: Մնում է ճիշտ կողմն ընտրել։ Ինչպես ասում են՝ ինչ-որ մեկը խորհուրդ է տվել մեկին՝ առաջ չընկնել»։ Մենք հասկանում ենք, թե ինչ է ակնարկում Ավատկովը: Զարմանալի է, որ Մոսկվան շարունակում է «ակնարկներով» խոսել ֆաշիստ Էրդողանի հետ, որն այս պահին «բարձր է գնահատում» այն փաստը, որ ուկրո-նացիստները դուրս են գալիս սպանելու ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը։

Չնայած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին «Հաբերթյուրք» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան «պարտավոր չէ բռնել ինչ-որ մեկի կողմը», թուրքերը հաստատապես Ուկրաինայի կողքին են։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ ուկրո-նացիստները ստացել են թուրքական արտադրության «Բայրաքթար TB2» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լրացուցիչ խմբաքանակ։ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության յոթերորդ օրը Ռեզնիկովի հայտարարությունը դեռևս հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրներից։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը լռում է, մարտի 2-ին գրում է Middle East Eye (MEE, կենտրոնակայանը Լոնդոնում) տեղեկատվական-վերլուծական պորտալը։ «Նոր «Բայրաքթարներ»-ները եկել են, և նրանք պատրաստ են մարտի»,- ասել է Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ չմանրամասնելով։ Ռեզնիկովը նաև ասել է, որ Կիևը «օտարերկրյա դաշնակիցներից» պետք է ստանա նոր Stinger շրջիկ զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգեր և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր: Բոլորը շատ լավ հասկանում են, թե այդ որ «օտարերկրյա դաշնակիցներից»…

Եվ այնուամենայնիվ, խոսքը թուրքերի մասին է։ Թուրք ֆաշիստները սիրում են իրենց նույնացնել գայլերի հետ: Իսկ ռուսները դարավոր իմաստություն ունեն՝ «Գայլին ինչքան էլ նախատենք, նա դեպի անտառ է նայում» (որի հայերեն համարժեքը այսպես է հնչում՝ «Գայլի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արեք, ոչխարս գնաց»)։ Իսկ այս «անտառում» իշխում են ԱՄՆ-ը, Անգլիան և այլն։ Այս «անտառը» կոչվում է ՆԱՏՕ։ Ռուսաստանի իշխանություններին մաղթենք, որ երբեք չմոռանան դա, մանավանդ, որ առաջին անգամ հավաքական պաշտպանության համատեքստում ՆԱՏՕ-ն տեղակայում է Դաշինքի արձագանքման ուժերի տարրեր։ Պաշտոնական պատճառը Ուկրաինայում տիրող իրավիճակն է։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 28-ին` Բրյուսելում։ «ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերը գործի են դրվել, և արդյունքում ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի տարրերն առաջին անգամ են տեղակայվում կոլեկտիվ պաշտպանության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սա վերաբերում է նաև Թուրքիայի մասնակցությանը ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի հենց այս տեղակայմանը: Սա այն է, ինչ չպետք է մոռանան Ռուսաստանի իշխանությունները։ Ճիշտ է, այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց Վլադիմիր Պուտինի հրամանի մասին՝ ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխելու մասին, և ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմավարական ուժերի մարտական ​​հերթապահությունը ուժեղացվել է՝ Ռուսաստանի միջուկային անվտանգության եռյակը միացված է և հսկում է, Արևմուտքը հասկացավ, որ դա բլեֆ չէ։ Արդյունքում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մարտի 1-ին հայտարարեց, որ արևմտյան երկրները պետք է հրաժարվեն նախկինում ԽՍՀՄ-ի կազմում գտնվող և դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների տարածքում ռազմական օբյեկտների ստեղծումից, այդ թվում՝ իրենց ենթակառուցվածքների օգտագործումից՝ ցանկացած ռազմական գործողության համար, և Միացյալ Նահանգները պետք է դուրս բերի իր միջուկային զենքը Եվրոպայից: Եվ ՆԱՏՕ-ի զորքերը նույնիսկ հեռացան Բելառուսի հետ սահմաններից …

Այնուամենայնիվ, Մոսկվայում դեռ «սիրում են թուրքերին», հատկապես Էրդողանին, թեև չեն կարող չիմանալ, որ թուրքերն ընդամենը գործիք են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ձեռքում…

Սերգեյ Շաքարյանց