ԶՊՄԿ նախկին տնօրենը ընդունել է մեղքը և վճարել 15 մլրդ դրամ. Բադասյան

1-2 օր առաջ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակներում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ, որը վերջին տարիների ամենախոշոր վերականգնումներից մեկն է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստում նշեց Փաշինյանը և խնդրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին մանրամասնել, թե ինչ գործի մասին է խոսքը:

«Բազմադրվագ քրգործ էր քննվում, կոնկրետ ԶՊՄԿ-ին առնչվող դրվագը կապված էր 2016-2017 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Մեղադրանք էր առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է: Նշանակվել է նաև համալիր հարկային ստուգում, որոնց շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ և ընկերությանը առաջադրվել է 15 մլրդ դրամի պարտավորություն: Ակտը չի բողոքարկվել, ժամկետը լրանալուն պես վճարումը կատարվել է»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ այդ 15 մլրդ դրամը վճարվել է նախկին տնօրենի կողմից, ոչ թե կոմբինատի ակտիվներից:

Փաշինյանը հստակեցրեց, որ այդ նախկին տնօրենը աշխատել է մինչև 2021-ի օգոստոսը: