Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներն սկսվում են

«Առաջարկվող նախագծով ուզում ենք Երասխի և Մեղրիի հատվածներում՝ 43 կմ, երկաթգծի նախագծի տեխնիկական առաջադրանքը կազմելուն նախորդող գործունեություն ծավալել, որպեսզի այդ հատվածում գեոդեզիական աշխատանքներ իրականացվեն, ուսումնասիրության արդյունքով հստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրենք և տեխնիկական առաջադրանքները կանենք»,-հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ կառավարության նիստում զեկուցելով Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գեոդեզիական աշխատանքների համար բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը:

Նրա խոսքով՝ այդ հատվածներում կուսումնասիրվեն թունելները, սրահները, կայարանները, հատումների որոշակի հատվածները, ոռոգման խողովակաշարերը, որոնց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա և մասնագիտական խումբ է գործուղվում այնտեղ: Խումբը հիմնականում կազմված է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականներից ու մասնագետներից և «Հարավկովկասյան երկաթուղու» 2 աշխատակցից:

«Այսպիսով մենք թևակոխում ենք Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներին և ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում: Մինչ այդ աշխատանքը չի կանգնում, մենք զուգահեռ աշխատում ենք, որ նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,-իր կողմից հայտնեց Փաշինյանը և հավելեց, որ այդ ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:

ՀՀ բյուջեից այդ նպատակով մոտ 13 մլն դրամ կհատկացվի: