Կիևում ոչնչացվել է Խորհրդային ավիաարդյունաբերության լեգենդը՝ Ան-225 «Մրիյա» օդանավը

Հենց այս լեգենդար ինքնաթիռով է 2009 թվականի օգոստոսի 11-ին Ֆրանկֆուրտից Հայաստան բերվել Երևան ՋԷԿ-ի 187.6 տոննա քաշ ունեցող գազատուրբինը։ Բեռնափոխադրումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ուկրաինական «Укроборонпром» պետական ընկերությունը փետրվարի 27-ին հաստատեց, որ ՌԴ ԶՈՒ գործողությունների արդյունքում Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմելի օդանավակայանում ոչնչացվել է աշխարհի ամենամեծ և ամենաբեռնունակ տրանսպորտային օդանավը՝ Ан-225 «Мрия»-ն (ուկրաիներենում «Мрія» նշանակում է երազանք)։ Օդանավը պատկանում էր ուկրաինական «Անտոնով» պետական ​​ձեռնարկությանը։ Գրում է ita.am-ը:

Ինքնաթիռը նախագծվել և կառուցվել է ԽՍՀՄ-ում՝ Կիևի մեխանիկական գործարանում (նախագծի ղեկավար՝ Վ. Տոլմաչև)՝ 1984-1988 թվականներին։ Առաջին թռիչքն իրականացվել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին։ Կառուցվել է Ан-225 «Мрия»-ի միայն մեկ օրինակ, երկրորդ օրինակի կառուցումը չի ավարտվել (երկու օրինակներն էլ ոչնչացվել են)։

Ан-225 «Мрия»-ն ունակ էր բարձրացնել 250 տոննա բեռ։ Ստեղծվել էր խորհրդային տիեզերանավերի ծանր սարքավորումները Բայկոնուր տիեզերակայան տեղափոխելու համար։ Նույնիսկ 1988 թվականի առաջին թռիչքից գրեթե 35 տարի անց, դրա տեխնիկական բնութագրերը զարմանալի են՝ 640 տոննա թռիչքի քաշ, մոտ 90 մետր թևերի բացվածք, ինչը թույլ տվեց այս օդանավին դառնալ գերծանր բեռների տեղափոխման համաշխարհային ռեկորդների սեփականատեր:

Երևան ՋԷԿ-ի վերակառուցման և էներգաբլոկի (համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի) կառուցման ընթացքում Հայաստան են ներկրվել շուրջ 8070 տ մետաղական կոնստրուկցիաներ և շուրջ 3000 տ սարքավորումներ: Բեռնափոխադրումներն իրականացվել են АН-225 Мрия (2 չվերթ) և АН-124 Руслан (5 չվերթ) իքնաթիռներով։ Էներգաբլոկի գերծանր սարքավորումները Հայաստան են բերվել հենց АН-225 Мрия ինքնաթիռով։