Վահագն Խաչատրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովում Վահագն Խաչատրյանը առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վահագն Խաչատրյանն ստացել է 69 կողմ, 0 դեմ ձայներ: Նշենք, որ առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ 81 ձայն:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը և թեկնածու չեն առաջադրելու:

ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետևաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք կլինի պատգամավորների 3/5-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին: