Ինչ մարտավարություն են օգտագործել մինչև հիմա ռուսական և ուկրաինական կողմերը․ Ռազմական փորձագետ
Մի կողմ թողնելով քաղաքական կողմը, փորձենք հասկանալ, թե ինչ մարտավարություն են օգտագործել մինչև հիմա ռուսական և ուկրաինական կողմերը։
Նախ սկզբից երկու կողմն էլ փորձել են միմիյանց ներքին քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ իրենց հայտարարություններով։ Ռազմական գործողությունների սկսումից հետո Ռուսաստանը գնաց նաև ուկրաինական բանակի կազմաքանդման ճանապարհով։ Նախ ճեղքեց օդային պաշտպանությունը, որից հետո շարքից հանեց արդեն ցանցային օդային պաշտպանությունը այդպիսով ուկրաինական ողջ օդը թողնելով անպաշտպան, հետևապես ուկրաինացի զինվորականների համար առաջացավ ինքնավստահության մեծ խնդիր։
Ուկրաինան ևս հետ չմնաց և փորձեցին ռուսական բանակի կազմաքանդման գործընթաց սկսել։ Հատկանշական է, որ ուկրաինական բանակի հաջողություններից հետո տեսանկարահանում էին ռուսների զոհերին, վիրավորներին, գերիներին և դիմում Ռուսաստանի քաղաքացիներին, որ իրենց զավակներին չուղարկեն կռիվ, քանի որ իրենց հողում այդ նույն ճակատագրին են արժանանալու։
Չուշացավ Ռուսաստանի ավելի հեռուն գնացող քայլը։ Հայտարարեցին, որ այն ուկրաինացի զինվորականները, ովքեր զենքերը վայր կդնեն ու կստորագրեն, որ չեն մասնակցի պատերազմին, անվնաս կգնան և կմիանան իրենց ընտանիքներին։ Ի դեպ, ռուսներին հաջողվեց այս կերպ բավականին մեծ քանակությամբ զինաթափել ուկրաինացի զինվորականների։
Ռուսները նաև սկսեցին բանակցել տեղական ինքնակռավարման մարմինների ղեկավարների հետ, համոզել նրանց, որ հանձնվելու դեպքում շատ բան կշահեն, այստեղ ևս նրանք հաջողություն ունեցան։
Ուկրաինական տեղեկատվական դաշտը շատ օպերատիվ է աշխատում, նրանք կարողանում են շատ չնչին հաջողությունը ներկայացնել շատ լավ քարոզչությամբ, ինչը տալիս է իր արդյունքը բնակչության շրջանում և բնակիչները որոշ տեղերում անցնում են ինքնապաշտպանության։
Սակայն հենց բնակչությանը ռազմական գործին խառնելու պատճառով, ինչպես նաև աշխարհի սխալ փորձը, այն է կրակային կետերը բնակելի տների մոտ տեղադրելը, բերեց բոլորովին այլ կարգավիճակի Ուկրաինային ։ Ռուսները խտացրեցին կրակը, թիրախավորեցին քաղաքացիական օբյեկտները, որն արդեն մեծ խուճապի պատճառ է դառնում։
Ի դեպ, Զելենսկու մեկ անհաջող հայտարարությունից հետո ուկրաինական բանակը բավականին մեծ կորուստներ տվեց և նահանջեց։ Երբ Զելենսկին հայտարարեց, որ մենակ են մնացել, հաջորդ ժամերին մեկը մյուսի հետևից , առանց լուրջ դիմադրության ռուսների վերահսկողության տակ էին անցնում բնակավայրերը։ Սա խոսում է նրա մասին, որ անգամ հայտարարություններում պետք է զգույշ լինել, որպեսզի ոչ բանակին, ոչ էլ բնակչությանը անորոշության, հետևապես խուճապի չմատնես, ինչն էլ բերում է անհաջողության։
Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ