Երևանում քննարկել են Ադրբեջանում հայատյացության ու Արցախում էթնիկ զտման վտանգի հետ կապված իրավիճակը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում  է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն, և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը  մարտի 2-ին Երևանում կազմակերպեցին «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկումը։

Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի կառավարության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման նպատակն էր Հայաստանի պետական մարմիններին, միջազգային կառույցներին, հասարակական կազմակերպություններին ներկայացնել հայատյացության և ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, Արցախում ստեղծված իրավիճակը, որը ակնհայտ պարունակում է էթնիկ զտումների վտանգ, և պահանջել բոլոր կառույցներից իրենց մասնակցությունն ունենալ այս իրավիճակները կանխելու և դրանց դեմ տարբեր միջազգային ատյաններում պայքարելու գործում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ողջունելով ներկաներին ու բացելով քննարկումը, նշեց, որ քաղաքացիական հասարակությունը ունի հստակ առաքելություն՝ մշտադիտարկել տարբեր խնդիրներ, բարձրաձայնել դրանք, համագործակցել պետական և միջազգային կառույցների հետ՝ օգնելու գտնել այդ խնդիրների լուծումները։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները փորձում են օգտագործել իրենց գործիքակազմը, գիտելիքը և փորձը՝ բոլոր հնարավոր կառույցներում Հայաստանի և Արցախի բնակչության ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնելու և այդ իրավունքների վերականգմանն աջակցելու համար։ Մեր այս միջոցառումը այս  խնդիրների բարձրաձայնման շարքից է»,- նշեց Դավիթ Ամիրյանը։

ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր խոսքում շեշտեց, որ քննարկման թեման առանցքային է համայն հայության համար։ «Հայատյացությունն Ադրբեջանում  առնվազն վերջին տասնամյակում ունեցել է պրոգրեսիվ աճ, և մենք, ցավոք սրտի, դրան և դրա կործանարար հետևանքներին ականատես ենք եղել։ Նմանատիպ ատելության քարոզի արդյունքները պատերազմական հանցագործություններն են, մարդկության դեմ հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի այդ քաղաքականության հիմնական նպատակը երկրում հայատյացության մթնոլորտը պահելն է և այս տարածաշրջանում էթնիկ հայերի պատմական ներկայությունը ժխտելը։ Կիրակոսյանը հավելեց, որ Բաքվի այդ հայատյաց քաղաքականությանն ընդդիմանալու նպատակով էլ Հայաստանը նախաձեռնել է միջազգային իրավական գործընթացներ, և նմանատիպ քննարկումներ ի օգուտ են գալիս պետության կողմից ձեռնարկվող քայլերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում կարևորեց իրավապաշտպան համայնքի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերի ու ջանքերի համատեղումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Պաշտպանի խոսքով, Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը համակարգային բնույթ ունի, որը դրսևորվել է թե՛ խորհրդային տարիներին, թե՛ Ադրբեջանի անկախացումից հետո։

Քրիստինե Գրիգորյանի խոսքով, 2020թ․-ի 44-օրյա պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ թշնամանքի ու ատելության քարոզով, իսկ պատերազմից հետո այդ քարոզը ստացել է ծայրահեղ դրսևորումներ։ «Շարունակվող ատելության, հայատյացության քարոզը, պետական քաղաքականությունը փակ շղթա է, որը  գեներացվում է Ադրբեջանի բարձրագույն պետական մարմինների կողմից, այնուհետև լայն խրախուսվում է  մշակութային և հանրային գործիչների կողմից, արժանանում հանրային գովասանքի՝ շատ հաճախ թիրախավորելով անգամ երեխաներին»,- նշեց նա։

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հանդես եկավ ամփոփիչ խոսքով՝ նշելով, որ Ադրբեջանը օգտագործում է կոռուպցիան որպես ռազմավարություն միջազգային հարաբերություններում բարենպաստ դիրք ունենալու համար։ Կան մի շարք բացահայտված դեպքեր, երբ ադրբեջանական կաշառքի, այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» արդյունքում ԵԽԽՎ-ում կայացվել են մի շարք ադրբեջանամետ որոշումներ։ Ցավոք, սակայն, այս բացահայտումների շրջանակում, չի նշվում, որ կաշառված պատգամավորները աչք են փակել հնարավոր արցախյան պատերազմի վրա։ Այս ամենի համատեքստում, միջազգային գործընկերները կաշկանդված են եղել կոշտ դիրքորոշումներ հայտնելու։ Ըստ Այվազյանի՝ այն երկրները և կառույցները, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով են, պետք է  վերջ տան երկակի ստանդարտներին և կեղծ հավասարության նշան դնելուց Հայաստանի և Ադրբեջանի միջև։