Հայկական համայնքի հիմնական մասը Լուգանսկում է մնացել, օղակի մեջ ենք․ Հայերի միության նախագահ

Լուգանսկում շատ ծանր վիճակ է, Լիսիչանս քաղաքը ռմբակոծման մեջ է, օղակի մեջ ենք՝ Լիսիչանս, Սևերոդոնեցկ, Ռուբեժնի։ Այս մասին 24News-ին ասաց Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին։

«Ես՝ որպես հայ համայնքապետ, խորհուրդ չեմ տվել, որ ինչ-որ մեկը դուրս գա։ Վտանգը շատ մեծ է, չորս բոլորը ռմբակոծման մեջ է։ Համայնքի մի փոքր մասն է գնացել, հիմնական մասը տեղում է, մարդիկ ապաստարաններում են։ Ես տանն եմ, չնայած անվտանգ չէ, իմ տնից 700 մետրի վրա է, խփում են։ Մեր համայնքից 20-25 մարդ իմ հիմնարկի ապաստարաններում է, ուկրաինացիներ էլ կան», – նշեց նա։

Սերժ Առուսխանյանն ասաց, որ հրադադարի հաստատման հարցով ռուս-ուկրաինական բանակցություններից տեղյակ չէ, չի խառնվում քաղաքական հարցերին։ «Միայն 2 օր առաջ կարողացել ենք ժողովրդին հումանիտար օգնություն տրամադրել, սննդամթերք բաժանել, այսօր էլ բաժանում ենք։ Մեր մեքենաները բերել ենք հիմնարկ, լավաշ ենք արտադրում։ Մինչև այսօր այս աստիճանի թեժ կետում չէինք, հիմա իրոք շատ ծանր վիճակ է։ Քաղաքի մեջ ռումբ է ընկել, չի պայթել, տեղ կա, որ մի 3 օր առաջ էր ռումբ ընկել, վնասել է քաղաքը, բայց միառժամանակ դադարում էին ռմբակոծությունները, իսկ հիմա նորից ինտենսիվ կարկոցներ են»։

Նրա խոսքերով՝ ռուսական ուժերը տեղ-տեղ են մտել Լուգանսկ։ «Մեր մարզի Միլովե, Ստարոբիլսկի կողմներն են։ Շչաստյայի կողմերն են, արդեն իրենց վերահսկողության տակ է, օղակի մեջ ենք էլի։ Դիմանում ենք, կապի մեջ ենք մեր բոլոր հայրենակիցների հետ։ Այս պահին միայն Սևերոդոնեցկի կամուրջն է մեզ բաժանում շրջափակումից, քաղաքները մեկը մյուսից շրջափակված են»։

Առուսխանյանի տեղեկություններով՝ Ուկրաինայի քաղաքացի հայերի շրջանում զոհեր չկան, իսկ երեկ էլ իմացել է, որ Մարիուպոլի համայնքի  անդամներից մեկին ռուսները տանից հանել են, այնտեղ բազավորվել, բայց վնաս չեն տվել։ «Բոլորի հետ շփում կա, մյուս բոլոր քաղաքների հայկական համայնքների ղեկավարների հետ։ Դե ժողովուրդը խուճապի մատնված գնում է դժվարություններով, շատերն արդեն լքում են իրենց տները, իրենց քաղաքները։ Մեր մարզը դեռևս պահում ենք այն հույսով, որ լավ կլինի։ Բայց եթե ժողովուրդը որոշի լքել մարզը, այդ ժամանակ քաղաքապետների հետ միասին մարզպետի հետ կկապնվեմ կանաչ միջանցքի պահով, որ մեր անվտանգությունն ինչ-որ մի տեղ պահովեն», – եզրափակեց Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահը։